Եվրամիությունը պատրաստվում է արտադրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 200 դեղաչափ մեկ ամսում
Ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թյերի Բրեթոնը հայտարարել է, որ Եվրամիությունը կկարողանա արտադրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 200 դեղաչափ մեկ ամսում՝ սկսած սեպտեմբերից, գրում է Le Parisien-ը:
Նա հիշեցրել է, որ հունվարին Եվրամիությունն արտադրել է 14 միլիոն դեղաչափ, փետրվարին՝ 28 միլիոն, իսկ մարտին՝ 60 միլիոն: Հաջորդ եռամսյակում Բրյուսելը նախատեսում է հասնել 100 միլիոն դեղաչափի ցուցանշին:
«Ամռանը ցուցանիշը կհավասարվի 120 միլիոնի, իսկ սեպտեմբերից սկսած՝ մենք կսահմանենք 200 միլիոնին հասնելու նպատակը»,-ասել է Բրեթոնը:
Եվրահանձնակատարը մանրամասնել է, որ երկրորդ կիսամյակում Եվրամիությունը կունենա շուրջ 800 միլիոն դեղաչափ:
Եվրոպայում կորոնավիրուսով վարակվել է 40 միլիոն մարդ, առողջացել՝ 28 միլիոն, մահացել՝ 925 հազար հիվանդ, հաղորդում է Gazeta-ն: