Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի վերաբերյալ. փոխարտգործնախարար
Իրանը չի պատրաստվում անմիջական կամ միջնորդավորված բանակցություններ վարել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ Վիեննայում ապրիլի 6-ին կայանալիք հանդիպմանը, որը նվիրված է լինելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ քննարկումներին: «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին:
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ Իրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ: «Մենք բանակցություններ կվարենք 4+1 ձևաչափի (ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա՝ խմբ.) երկրների հետ և նրանց կհայտնենք մեր պահանջներն ու պայմանները միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադարձի վերաբերյալ: Մեր պահանջն է գործարքի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից իր բոլոր պարտավորվածությունների կատարումը և պատժամիջոցների վերացումը»,- ասել է Արաղչին:
Վերջինս վերահաստատել է, որ Թեհրանը մտադիր չէ ԱՄՆ-ին ընդառաջ քայլեր անել, քանի դեռ բոլոր ամերիկյան պատժամիջոցները չեն վերացվել:
Ուրբաթ ԱՄՆ-ն հաստատել էր իր մասնակցությունը Վիեննայում կայանալիք հանդիպմանը: Մասնավորապես, նախատեսվում է քննարկել միջուկային գործարքին վերադառնալու համար անհրաժեշտ քայլերն Իրանի և ԱՄՆ-ի համար:
Նշենք, որ 2015 թվականին կնքված իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ն դուրս է եկել 2018 թվականի մայիսին՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: