Ռուսաստանում բարձրացել են օգտագործած ավտոմեքենաների գները
«Ավտո.ռու»-ի փորձագետները հատուկ «Իզվեստիա»-ի համար համեմատել են ներկայում օգտագործած ավտոմեքենաների գները դրանք ձեռքբերելու ժամանակ գների հետ: Պարզվել է, որ ավտոմեքենայի գինն ուղիղ համեմատական չէ դրա տարիքի հետ:
Ոչ բոլոր ավտոմեքենաներն են դառնում զգալիորեն մատչելի վերավաճառքի ժամանակ: Դեռ ավելին, որոշ մակնիշների եւ մոդելների դեպքում նկատվում է ուղիղ հակառակ միտումը: Օրինակ՝ Kia Picanto հնգամյա հեչբեքը ներկայում արժե միջինում 6 տոկոսով ավելի թանկ, քան 2017 թվականին, երբ այն նոր էր: Համանման իրավիճակ է նաեւ այլ հայտնի մոդելների դեպքում: Mazda CX-5 քրոսովերը թանկացել է 5 տոկոսով՝ ի տարբերություն հինգ տարի առաջ դեռեւս նոր ավտոմեքենայի գնի, Renault Sandero-ն, Toyota Hilux-ն ու Land Cruiser-ը՝ 4 տոկոսով, իսկ սիրված Hyundai Creta-ն՝ 2 տոկոսով:
Նույն չափով բարձրացել է նաեւ Nissan Juke-ի ու պրեմիալ MINI Cooper-ի գինը: Եւ անգամ Ռուսաստանում ոչ այնքան տարածված Honda CR-V-ն այժմ 1 տոկոսով ավելի թանկ է, քան 2017 թվականին:
Նոր ավտոմեքենաները սրընթաց թանկանում են արտարժույթի փոխարժեքի աճի, ԱԱՀ-ի բարձրացման, ուտիլացման հարկերի ավելացման պատճառով: Դա իր հերթին ազդում է երկրորդային շուկայում գների վրա:
Փոխվել է նաեւ վաճառքի նկատմամբ մոտեցումը: 2017 թվականին դիլերներն աշխատում էին «հին կանոններով». առաջին տեղում էր գնորդի որսը, ներկրողների վաճառքների պլանների կատարումն ու բոնուսների ստացումը: Այդ ամենը դրդում էր վաճառողներին գնագոյացման ագրեսիվ քաղաքականություն իրականացնել: Դա հանգեցնում էր նրան, որ վաճառքները ցածր կամ անգամ զրոյական եկամտաբերություն կարող էին ունենալ: