Ավստրալիայում նշում են Զատկի տոնն առանց կորոնավիրուսի փոխանցման ներքին դեպքերի
Ավստրալացիները տոնում են Զատիկը համեմատաբար քիչ սահմանափակ պայմաններում, քանի որ երկրում չեն հայտնել կորոնավիրուսի ներքին փոխանցման նոր դեպքերի մասին, հաղորդում է Reuters-ը:
Քվինսլենդում՝ վերջերս СOVID-19-ի փոքր բռնկման էպիկենտրոնում, վերջին երեք օրվա ընթացքում գրանցվել է վարակվելու միայն մեկ դեպք: Նահանգում գործում էին ամենակոշտ սահմանափակումները հանրային հավաքներ կազմակերպելու մասին:
Ուրիշ վայրերում ավստրալացիներն այցելել են լողափեր՝ օգտվելով տաք եղանակային պայմաններից երկրի բազմաթիվ մասերում, կամ հավաքվել են ընտանիքներով, ինչը կտրուկ տարբերվել է անցած տարվա Զատկից, երբ համազգային մեկուսացումը ստիպել էր մարդկանց տանը մնալ:
Երբ բազմաթիվ այլ երկրներում մտցվել են սահմանափակումներ պատարագների համար կամ նոր կարանտինային միջոցառումներ են սահմանվել կորոնավիրուսի երրորդ ալիքը կանխարգելելու համար, ավստրալական եկեղեցիները բաց են, եւ շատերը մասնակցել են պատարագներին հանգստյան չորս օրերի ընթացքում:
Քրիստոնեությունն Ավստրալիայում գերիշխող կրոն է. երկրում 2016 թվականի մարդահամարի տվյալներով՝ 12 միլիոն մարդ կամ հավատացյալ ավստրալացիների 86 տոկոսն ինքն իրեն համարում է քրիստոնյա:
Ավստրալիան կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործում ամենահաջողակ երկրներից մեկն է:
Կիրակի երկրի առողջապահության նախարար Գրեգ Հանթը հայտարարել է, որ երկիրը գտնվում է կորոնավիրուսի դեմ պատվաստման ճանապարհին: