Ֆրանսիայում երեխան պարտեզում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ է գտել
Ութ տարեկան երեխան Լիոնի մոտակայքում գտնվող Տասան լյա Դեմի Լյուն կոմունայում գտնվող իրենց պարտեզում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ է գտել։ Այն վնասազերծելու համար սակրավորներ են ժամանել, գրում է Progres թերթը:
Երեխան իր եղբայրների հետ խաղալիս է եղել պարտեզում, երբ գետնին նռնակ է գտել:
«Չնայած տարիքին՝ նա անմիջապես ասել է եղբայրներին, որ պետք է զգույշ լինել եւ հեռանալ, քանի որ այն նռնակի է նման: Դրանից հետո նա ինձ ասաց, եւ ես զանգահարեցի ժանդարմներին»,- թերթին պատմել է տղայի հայրը:
Մի քանի տասնյակ մետր շրջագծով տարածքը շրջափակվել է մինչ սակրավորների ժամանումը, որոնք հետագայում, անվտանգության նկատառումներից ելնելով, նռնակը հանել են տարածքից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Փորձագետները ասում են, որ դա Առաջին համաշխարհային պատերազմի տարիների նռնակ է, սակայն, ըստ նրանց, այն, ամենայն հավանականությամբ, պարտեզի տարածքում հայտնվել է հիմնապատի կառուցման ժամանակ, գրում է թերթը: