Հասան Ռոհանին հայտնել է Իրանի երկու նահանգներում գրանցված կորոնավիրուսի չորրորդ ալիքի մասին
Իրանի երկու նահանգներում սկսվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի չորրորդ ալիքը, հայտնել է երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ շեշտելով սանիտարական ուղեցույցներին խստորեն հետեւելու անհրաժեշտությունը, փոխանցում է Tasnim-ը:
Նա նաեւ նախազգուշացրել է, որ ուղեցույցներին չհետեւելը կհանգեցնի նոր ալիքի տարածմանը մյուս նահանգներում:
Իրանի նախագահը նաեւ նշել է, որ նախագահի պաշտոնում իր մնալու մնացած 4 ամսում վարչակազմի առաջնահերություններից մեկն է համավարակի դեմ պայքարը եւ այն զսպելը:
Շեշտելով կորոնավիրուսի դեմ հայրենական պատվաստանյութերի մշակման ջանքերը՝ Ռոհանին ասել է, որ Թեհրանը նաեւ արտասահմանից պատվաստանյութեր գնելու ծրագրեր է մշակել:
Չորեքշաբթի առողջապահության նախարարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը հայտարարել է, որ կոշտ պատժամիջոցները օտարերկրյա կողմերին թույլ չեն տվել կատարել Իրան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման իրենց պարտավորությունները:
Իրանում կորոնավիրուսային համավարակի հետեւանքով մահացածների ամենօրյա թիվը մարտի 21-ին սկսված նոր իրանական օրացուցային տարում առաջին անգամ հասել է 100 մարդուց ավելի նիշին՝ վերադառնալով եռանիշ մեծության:
Իրանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվն անցել է 62 800-ից, միաժամանակ ամբողջ երկրում ավելի քան 1 634 000 պացիենտ արդեն ապաքինվել է կամ հիվանդանոցներից դուրս գրվել: