Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի՝ արդեն 4 տարի շարունակվող ամուսնալուծության գործընթացը հավակնում է դառնալ Հոլիվուդի պատմության մեջ «ամենաթանկարժեքը» (լուսանկարներ)
Ամերիկացի հայտնի դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի՝ արդեն 4 տարի շարունակվող ամուսնալուծության գործընթացը, ըստ փորձագետների, հավակնում է դառնալ Հոլիվուդի պատմության մեջ «ամենաթանկարժեքը», գրում է Daily Mail-ը։
Լոս Անջելեսի իրավաբանների հաշվարկներով՝ նրանցից յուրաքանչյուրն արդեն ավելի քան 1 մլն դոլար է ծախսել դատական ծախսերը հոգալու համար։ Նրանք նաև ենթադրում են, որ խնամակալության համար պայքարը կարող է շարունակվել ևս 6 տարի։
Փաստաբան Քելի Չանգ Ռիկերտը Daily Mail-ին հայտնել է, որ դատական ծախսերի տեսանկյունից նրանք հավակնում են դառնալ Հոլիվուդի պատմության մեջ «ամենաթանկարժեքը»։
«Այն շարունակվում է ավելի քան չորս տարի։ Իմ կարծիքով՝ Անջելինան և Բրեդն արդեն մեկական միլիոն դոլար են ծախսել»,- հայտնել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոլիի և Փիթի որդեգիր երեխան՝ Մեդոքսը, իր ծնողների վիճահարույց ամուսնալուծության և խնամակալության հարցով դատական լսումների ժամանակ հոր դեմ ցուցմունք է տվել։
Հաղորդվում է, որ 19-ամյա ուսանողն ցուցմունք է տվել և «այդքան էլ հաճելի բաներ չի պատմել հոր մասին»։
Մեդոքսի և Բրեդ Փիթի միջև 2016 թվականին տեղի ունեցած ենթադրյալ վեճը, ինչպես հայտնում էին աղբյուրները, լցրել է 45-ամյա Ջոլիի համբերության բաժակը, ինչից հետո դերասանուհին ապահարզանի հարց է ներկայացրել դատարան։
Նշենք, որ դերասանները բաժանվել են 2016 թվականին։ Դրանից հետո զույգը սկսել է իրենց 6 երեխաների խնամքի համար դատական հայցեր ներկայացնել։ Փիթը ցանկանում է խնամակալության հավասար իրավունքներ ունենալ, մինչդեռ Ջոլին դեմ է դրան։