«Երբ ԱՄՆ-ն վերացնի պատժամիջոցները, կվերադառնանք համաձայնագրով ստանձնած մեր պարտավորություններին»․ Խամենեին` Իրանի միջուկային համաձայնագրի ճակատագրի մասին
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, Նովրուզի (պարսկական նոր տարի) առթիվ հնչեցրած իր ելույթի ընթացքում, ներկայացրել է Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, հայտնում է իրանաան Tehran Times թերթը։
Ըստ Իրանի քաղաքականության, համաձայնագրի վերականգնման նախապայմանը ԱՄՆ-ի կողմից բոլոր պատժամիջոցների վերացումն է։ Խամենեին ասել է․ «Միացյալ Նահանգները կվերացնի պատժամիջոցները և դրանից հետո մենք կճշտենք, եթե դրանք հանվել են, կվերադառնանք համաձայնագրով ստանձնած մեր պարտավորություններին։ Մենք ամերիկյան խոստումները ճիշտ չենք համարում:Գործողություններ են անհրաժեշտ»։
Թերթը հավելել է, որ ԱՄՆ-ի և Իրանի դիվանագետները այլ միջնորդ պետությունների ներկայացուցիչների հետ հաջորդ շաբաթ մեկնելու են Վիեննա՝ փորձելու քննարկել Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ առկա իրավիճակը, սակայն այդ հարցի շուրջ ուղղակի բանակցություններ չեն վարելու։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (Իրանի միջուկային համաձայնագիր) քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի միջև՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին: Նա ասել էր, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ Իրանը շարունակում է միջուկային զենքի մշակումը՝ դրանով իսկ խախտելով համաձայնագիրը: Նա նաև հայտարարել Էր Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին, որոնք հանվել էին համաձայնագրի կնքումից ի վեր:
Թրամփի կայացրած այս որոշումից հետո Թեհրանն աստիճանաբար սկսել է կրճատել գործարքով սահմանված իր պարտավորությունները: