Բայդենը Կապիտոլիումի մոտ ոստիկանի սպանությունից հետո հրամայել է իջեցնել Սպիտակ տան դրոշները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է իջեցնել ազգային դրոշները Կապիտոլիումի մոտ ոստիկան Ուիլյամ Էվանսի սպանությունից հետո: Սպիտակ տան, ինչպես նաև ԱՄՆ-ի բոլոր պետական հաստատությունների և արտերկրյա առաքելությունների դրոշներն իջեցված կլինեն մինչ ապրիլի 6-ի մայրամուտը, հայտնում է CNN-ը:
Հայտնի է, որ ավելի վաղ անհայտ անձը մեքենայով մխրճվել է Վաշինգտոնում Կոնգրեսի շենքի մոտ դրված պատնեշի մեջ: Հարձակվողը զինված է եղել դանակով և հասցրել է վիրավորել ոստիկաններից մեկին, որն ավելի ուշ մահացել է:
Բայդենն ընդգծել է, որ «սիրտը կոտրվել է», երբ տեղեկացել է դաժան հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է 18 տարի Կապիտոլիումի ոստիկանությունում աշխատած իրավապահը:
«Մինչ մենք սգում ենք Կապիտոլիումի մեկ այլ համարձակ ոստիկանի մահվան կապակցությամբ, ես հրամայել եմ իջեցնել Սպիտակ տան դրոշները», - ասվում է Ջո Բայդենի՝ Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: