ԱՄՆ-ում հայտնել են կորոնավիրուսի դեմ պատվաստված ամերիկացիների թիվը
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի ղեկավար Ռոշել Վալենսկին հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստված ամերիկացիների թիվը:
Նա նշել է, որ ավելի քան 50 մլն ամերիկացի՝ ԱՄՆ-ի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին, ավարտել է COVID-19-ի դեմ պատվաստումը։
Բացի այդ, նա հայտնել է՝ վերջին 7 օրվա ընթացքում կատարվել է 2,7 միլիոն պատվաստում։ Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է տարեցների 73 տոկոսը, չափահաս մարդկանց՝ 36 տոկոսը։
Նրա խոսքով՝ պատվաստումները կատարվել են Moderna, Pfizer/BioNTech դեղամիջոցներով, ինչպես նաև Johnson&Johnson պատվաստանյութով։
Ընդ որում, Վալենսկին ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ի ոչ բոլոր քաղաքացիներն են վստահում համավարակի դեմ պաքարում պատվաստանյութերի արդյունավետությանը, ուստի, նրա խոսքով՝ երկրում իրազեկության բարձրացման արշավ են կազմակերպել։
Ավելի վաղ ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն AstraZeneca պատվաստանյութի կարիք չունի:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 130,8 մլն դեպք, ավելի քան 105,3 մլն մարդ ապաքինվել է, իսկ ավելի քան 2,8 մլն հիվանդ մահացել է: