Ելիսեյան պալատի մոտ այրվող շիշ նետած բելառուսական ծագումով տղամարդուն հոգեբուժարան են տեղափոխել
Ֆրանսիայի նախագահի նստավայր՝ Ելիսեյան պալատ ներխուժելու փորձի ժամանակ ձերբակալված անձանցից մեկն ուղարկվել է Փարիզի ոստիկանությանը կից գործող հոգեբուժական բաժանմունք, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ֆրանսիայի մայրաքաղաքի դատախազությունում:
«Երեկ երեք մարդ ձերբակալվել է զենքի գործադրմամբ դիտավորյալ բռնության մեղադրանքով։ Հետաքննությունը հանձնարարվել է քրեական ոստիկանությանը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է, որ ըստ հետաքննության տվյալների՝ նախօրեին Ելիսեյան պալատ ներխուժելու փորձ կատարած տղամարդն այրվող շշով փորձել է հրկիզել նախագահի նստավայրը։
«Ոստիկանների աչքի առաջ նա շիշ է նետել գետնին։ Նրա հետ եղել է ևս երկու մարդ՝ տղամարդ և կին, որոնք լուսանկարել և տեսանկարահանել են կատարվածը։ Կասկածյալն ուղարկվել է Փարիզի ոստիկանությանը կից գործող հոգեբուժական բաժանմունք»,- պատմել են դատախազությունում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ տղամարդը փորձել է հատել Ելիսեյան պալատի ճաղավանդակը: Նա իր մոտ ունեցել է հրկիզող խառնուրդով շիշ։ Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ կասկածյալը բելառուսական ծագումով 33-ամյա նկարիչ Ալեքսեյ Կուզմիչն է: