Բայդենը Զելենսկիին հավաստիացրել է «ՌԴ-ի շարունակական ագրեսիայի պայմաններում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը աջակցությունը»
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին ժամեր առաջ տեղի ունեցած առաջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի սահմանների մոտ ՌԴ-ի ռազմական ներկայության ենթադրյալ աճի մասին հաղորդագրությունները և կոռուպցիայի դեմ պայքարում Կիևի ջանքերը, տեղեկացնում է Politico թերթը։
«Բայդենն ու Զելենսկին հենց նոր ավարտեցին իրենց զրույցը, որը, ինչպես ինձ հայտնեցին, տևել է 30-40 րոպե։ Բայդենը հաստատել է Ուկրաինայի հանդեպ ԱՄՆ-ի պարտավորությունները, նրանք նաև քննարկել են երկրի արևելյան սահմանին ռուսական զորքերի ներկայության ավելացման մասին հաղորդագրությունները և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Զելենսկիի ջանքերը»,- Twitter-ում գրել է լրագրող Նատաշա Բերտրանդը, որը Սպիտակ տան թղթակից է։
Բայդենը ուկրաինացի պաշտոնակիցի հետ առաջին զրույցի ընթացքում նաև հաստատել է «ՌԴ-ի շարունակական ագրեսիայի պայմաններում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցությունը, ավելի ուշ հայտնել է Սպիտակ տունը:
«Դոնբասում և Ղրիմում Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի պայմաններում նախագահ Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը անփոփոխ աջակցությունը»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: