Պեսկովը բացատրել է` ինչու Ռուսաստանը չի կարող զինադադար ապահովել Դոնբասում
Ռուսաստանը, չլինելով հակամարտության կողմ, չի կարող Դոնբասում համապարփակ հրադադար ապահովել, բայց իր ազդեցությունն օգտագործում է համաձայնագրերի իրականացման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հարցն այն է, որ Ռուսաստանը չի կարող ապահովել համապարփակ հրադադարի ռեժիմը, Ռուսաստանը կարող է աշխատել ապահովել, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն: Ռուսաստանը կարող է օգտագործել իր ազդեցությունը: Ռուսաստանը, կրկնում եմ, այս հակամարտության կողմ չէ, ուստի այդ հրադադարը վերաբերում է այն կողմերին, որոնք բաժանման գծում են. Ուկրաինայի զինված ուժերը և Ուկրաինայի կողմից չճանաչված ինքնահռչակ հանրապետությունների ուժերը»,-լրագրողներին ասել է:
Այսպես Պեսկովը պատասխանել է Դոնբասի հարցով կոնտակտային խմբում Կիևի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկի հայտարարության մասին հարցին: Կրավչուկը հայտարարել էր, որ ՌԴ պատվիրակությունը չի աջակցել իր նախաձեռնությանը` առաջարկել ՌԴ-ին համապարփակ հրադադար ապահովել Դոնբասում:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն նշել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի առաջիկա հակամարտության մասին խոսակցությունները մտացածին են և շեշտել, որ Մոսկվան շահագրգռված չէ առճակատման գնալ։
«Համոզված եմ, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առաջիկա հակամարտության մասին բոլոր խոսակցություններն Ուկրաինայի իշխանությունների կողմից տարածված հերթական կեղծիքի օրինակ են: Ռուսաստանը շահագրգռված չէ Ուկրաինայի հետ որևէ հակամարտության մեջ մտնել, առավել ևս՝ ռազմական», - ասել է Ռուդենկոն:
Հայտնի է, որ վերջին շրջանում Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին հաճախակի են դարձել խոսակցւթյուններն առ այն, որ առաջիկայում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտություն կարող է սկսվել: