Երևանի պետական համալսարանի մասնաշենքը մշակութային լուրջ արժեք է, ինչպե՞ս կարող են վաճառել այն․ Հենրիկ Էդոյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Օրերս Արագած համայնք կատարած այցի ընթացքում՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոսել բուհերում առկա խնդիրների մասին և առաջարկել իր լուծումները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանի բուհերի շենքերը պետք է վաճառել, ապա այդ փողերով կառուցել նոր ակադեմիական քաղաք: Այս մասին «Իրավունքը» զրուցեց բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս Հենրիկ Էդոյանի հետ:
-Պարո՛ն Էդոյան, երկրի վարչապետը հայտարարում է, որ բուհերի շենքերը պետք է վաճառել, ապա ակադեմիական քաղաք կառուցել: Որպես ԵՊՀ դասախոս՝ ինչ անուն կտաք այս ամենին:
-Պարզապես անհեթեթություն է: Այդպիսի բան չի կարող լինել: Այդ խոսքերին այդքան լուրջ մի վերաբերվեք: Երևանի պետական համալսարանը մի ամբողջ բանակ է, ո՞նց կարող ես այն վաճառել: Խոսում են նոր ակադեմիական քաղաք կառուցելու մասին, երբ կկառուցեն, այն ժամանակ էլ թող այդ մասին խոսեն: Երևանի պետական համալսարանի շենքը մշակութային լուրջ արժեք է: Ուզում են բիզնես կենտրոններ կառուցել, թող կառուցեն, բայց ոչ բուհերի հաշվին, ի՞նչ կապ ունի համալսարանի շենքն այդ ամենի հետ: Երևանի պետական համալսարանի մասնաշենքի հիմքը մենք ենք դրել դեռ ուսանող տարիներից: Անկեղծ ասած՝ այս հայտարարությունն ուղեղիս մեջ չի տեղավորվում:
-Մենք անընդհատ անցյալով ենք խոսում մշակութային կյանքի մասին: Ի վերջո, Հայաստանում այսօր կա՞ մշակութային կյանք:
-Մշակութային կյանք միշտ էլ կա, սակայն Հայաստանն այժմ մշակութային երկրի չէ:
-Իսկ այդքան հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկիրն ինչո՞ւ այսօր մշակութային չէ:
-Այնքան հարցեր կան դրա հետ կապված, այսպես միանգամից չեմ կարող ասել: ժամանակներն այնպիսին դարձան, որ մշակույթը դարձավ ավելորդ բան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: