Դժվար Հայաստանում այդ ծրագիրը հնարավոր լինի կիրառել, այս պահին դա շատ անհասկանալի և անսպասելի երևույթ է․ Սոս Ջանիբեկյանը՝ բուհերը վաճառելու և ակադեմիական քաղաք կառուցելու մասին. «Իրավունք»
««Իրավունքի» զրուցակիցն է համացանցային տիրույթում՛ մշտապես սկանդալային գրառումներով հայտնի, Նիկոլ Փաշինյանով «պաշտպանվող» դերասան Սոս Ջանիբեկյանը:
-Պարո՛ն Ջանիբեկյան, ինչո՞վ է պայմանավորված Ձեր ակտիվությանը համացանցային տիրույթում:
- Պարզապես ակտիվ եմ համացանցում:
- Բայց երբեմն դուրս եք գալիս «ցիվիլ» դաշտից, ինչը ստիպում է հանրությանը մտածել Ձեր անհավասարակշիռ վիճակի մասին:
- Երբեմն պահի տակ պոռթկումներ են լինում, որոնց հետ կապված հետո փոշմանում եմ: Համարում եմ սխալ:
- Պարոն Ջանիբեկյան, Դուք գրել էիք, որ Ձեր գրառումներով «ոչ թե Փաշինյանին եք պաշտպանում, այլ Փաշինյանով եք պաշտպանվում»: Ինչ նկատի ունեիք:
- Դա պահի պոռթկում էր, ինչը, իհարկե, սխալ էր: Ես գտնում եմ, որ պետք է սիրենք իրար, պետք է իշխանության կռիվ չլինի: Տասնյակ տարիների իշխանության եղած իշխանավորները պետք է հասկանան, որ իրենք իրենց ժամանակին ինչ կարողացել, արդեն արել են: Ժամանակն է, որ տեսնենք, թե այս իշխանությունները ինչ կարող են անել:
-Բայց մենք տեսանք, թե ինչ կարող էին անել. հազարավոր զոհեր տվեցին, իսկ վերջում կապիտուլացիոն ակտ ստորագրեցին:
-Դե, դրա համար պետք է ընտրություններ լինեն: Ժողովրդի մի մասը, ով համարում է, որ իշխանությունը հիասթափեցրել է իրենց սպասումները, կընտրեն այլ իշխանության: Ես վստահ եմ, որ ունենալու ենք քաղաքակիրթ ընտրություն, առանց ընտրակեղծիքի, ընտրակաշառքի: Ես հավատում եմ, որ այդպես կլինի:
-Իսկ Ձեր հույսերն արդարացրե՞լ են այս իշխանությունները:
-Դե գիտեք, ես անհատ եմ, ունեմ իմ տեսակետը ու չեմ կարծում, որ կարևոր է: Պարզապես ես կարծում եմ, որ ժողովուրդը, այդ թվում և ես, չենք ուզում հետ գնալ: Չենք ուզում հին ամենաթողության, անարդարության, անպատժելիության բարքերին վերադառնալ:
-Կարծում եք, որ Ձեր նշած կարգերն այսօր վերացե՞լ են:
-Իհարկե ոչ: Վստահ եմ, որ հիմա էլ չեն վերացել, բայց ահագին քչացել են: Ես չեմ տեսնում այսօր նախկինի նման արտոնյալների: Ես որևէ մեկին չեմ ուզում արդարացնել, խնդրում եմ ճիշտ հասկացեք:
-Պարո՛ն Ջանիբեկյան, ակտիվ լուրեր են շրջանառվում, որ Դուք ևս շուտով պաշտոն կստանաք՝ որպես վարձատրություն Ձեր իշխանամետ գրառումների դիմաց:
-Երբեք, բացառվում է, ես քաղաքականությունից գլուխ չեմ հանում: Ես միշտ խոսում եմ և արտահայտվում եմ սոցիալական, քաղաքացիական երևույթների մասին: Ես քաղաքական գործիչներին էլ առհասարակ չեմ ճանաչում:
- Շատերն են Ձեզ նման մտածել, արտահայտվել բայց կարճ ժամանակ անց հենց Ձեր նման քաղաքականությունից գլուխ չհանողին տեսել ենք պատասխանատու պաշտոնում։
-Անհնար է, որ ես երբևէ քաղաքականության մեջ լինեմ, որովհետև վստահ եմ, որ կլինեն ավելի լավ մասնագետներ, քան ես: Ու վստահ եմ, որ ես իմ մասնագիտությամբ ավելի օգտակար կլինեմ, քան քաղաքականության մեջ:
- Պարո՛ն Ջանիբեկյան, Փաշինյանը հայտարարեց, որ բուհերի շենքերը վաճառելու ծրագիր ունեն՝ իբր ակադեմիական քաղաք կառուցելու նպատակով: Ինչպե՞ս եք վերաբերվում նման ծրագրին:
-Եթե աշխարհի պրակտիկայում կա նման ծրագիր, և դրա օգտակար գործակիցը շատ է, ինչո՞ւ ոչ, կարող է լինել նաև Հայաստանում: Բայց պետք է հաշվի առնել, որ մեր ուսանողն էդքան փող չունի, որ ամեն օր գնա այլ քաղաք կրթություն ստանալու: Այնպես որ, դժվար Հայաստանում այդ ծրագիրը հնարավոր լինի կիրառել, որովհետև այս պահին դա մեզ համար շատ անհասկանալի և անսպասելի երևույթ է: Թեմայից շեղվելով մի բան եմ ուզում ավելացնել, եթե թույլ տաք:
-Իհարկե։
-Խոնարհվում եմ մեր հերոսների ծնողների առաջ: Հավերժ փառք անմահության ճանապարհը բռնած տղաներին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: