«Հավատացինք ստին ու կեղծիքին, մեծարեցինք սուտը, որովհետեւ քաղցր էր ու ականջահաճո, ու մթության մեջ թողեցինք ճշմարտությունը»․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Ավագ հինգշաբթիին, ներել սովորելուն, մարդկանց կատարած սխաներին, հավատին։
«Մենք պիտի սովորենք ներել նախ ինքներս մեզ, ու այլևս չկրկնել նույն սխալն ու մեղքը: Ամեն անգամ չգիտակցված մեղքը չի դադարում մեղք լինելուց: Հայրենիքը մեկն է:
... այսօր Ավագ հինգշաբթի է, երբ Քրիստոս լվաց իր աշակերտների ոտքերն ու օրհնեց նրանց:Խոնարհվեց, բայց երբեք չկոտրվեց, այլ ընդհակառակն, միլիոնավորներին ապրելու հույս և ուժ տվեց.... Սեր բաժանելով եկավ, ու վերջում խաչվեց՝ բոլորի մեղքերի համար: Իսկ մարդիկ իր փոխարեն ընտրեցին գող, մարդասպան ու ավազակ Բարաբային, որովհետև «կույր» էին և անգետ... խաչեցին՝ ավաքվելով մեծ հրապարակում ու գոռալով Բարաբա....
Մանանեխի հատիկի չափ հավատք. ասում էր Տերը, իսկ մենք մեր հազարամյա վանքերի ու կոթողների փոշիանալը տեսանք, հիշեցինք Քրիստոսի մասին, երբ վաղուց արդեն «խաչել» էինք, մի հազարերորդ անգամ, խաչել անհավատությամբ, կուռքեր ստեղծելով, մարդուն՝ Տիրոջ փոխարեն պաշտելով, ի վերջո մեր ՀՈԳՈւ ՏԱՃԱՐԸ քանդել էինք մեր իսկ ձեռքով, իսկ արտաքին տաճարները ժամանակի հարց էին.... Հավատացինք ստին ու կեղծիքին, մեծարեցինք սուտը, որովհետև քաղցր էր ու ականջահաճո, ու մթության մեջ թողեցինք Ճշմարտությունը: Մենք պիտի սովորենք վերջապես ճշմարտության աչքերին նայել. ով ենք մենք, կամ՝ ինչ է մեզնից մնացել... Հոգի դեռ ունե՞նք, թե մարմնով ապրող ռոբոտացված արարածներ ենք.. անսիրտ ու անկամ: Բարու՞ն ենք ձգտում, թե՞ չարին դեռ ծառայում ինքնամոռաց...Մի օր իրական մեր դեմքը տեսնենք, որքան էլ ցավոտ լինի, որ կարողանանք ինքներս մեզ ներել:
Ես հավատում եմ, որ Մեր՝ Սուրբ հողն իրենց արյունով ու կյանքով սնած Որդիները Տիրոջ աջին են բազմելու, վստահ եմ, որովհետև իրենց գործն արդար էր, հավատքն ուժեղ ու ոգին աներեր: Ուրեմն թող երիցս մեր բոլորի աղոթքներում նրանց Հոգու հանգստության համար աղոթենք, մեր հոգու փրկության և մեր Երկրի արթնացումի համար աղոթենք:
Արթուն մնանք... քանզի չգիտենք, թե, երբ է գալու....
Աստված մեզ խելք ու խոհեմություն ողորմա», - գրել է նա։