Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայտնվել է կոկաինի հետ կապված սկանդալում (լուսանկար)
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շուրջ սկանդալ է բարձրացել համացանցում հայտնված տեսանյութի պատճառով, որում կուսակցության անդամներից մեկը ենթադրաբար կոկաին է օգտագործում, հայտնում է Al Monitor-ը և հավելում, որ տեսանյութը համացանցում ակտիվորեն տարածվում է ընդդիմադիրների կողմից, որպես իշխանությունների կոռումպացվածության և բարոյական հետընթացի ապացույց։
«Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Օզգուր Օզելն ասել է․ «Այս տեսանյութը ցույց է տալիս «Արդարություն և զարգացում» կուսակցության մոլորվելու ճանապարհը և այն անկումն ու այլասերումը, որում այն հայտնվել է։
«Սկանդալի կենտրոնում 28-ամյա Քուրսաթ Այվաթօղլուն է, որն աշխատում էր կուսակցության Անկարայում գործող գրասենյակում և, կարծես, այնքան միջոցներ է կուտակել, որ կարող է երկու շքեղ մեքենա ունենալ՝ ամսական 300 դոլար պաշտոնական աշխատավարձի դեպքում», - գրել է Al Monitor-ը։
Տեսանյութը համացանցում տարածվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի օրերին։ Կուսակցության անդամը սկզբում ասել է, որ դա շաքարի փոշի է, ոչ թե կոկաին, ապա դադարել է արդարացումներ փնտրել։ Ավելի ուշ համացանցում էին հայտնվել Այվաթօղլուի լուսանկարները Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ։ Նա ազատվել է կուսակցության գրասենյակում փոխնախագահ Համզա Դագի խորհրդականի պաշտոնից և ձերբակալվել։ Նա այժմ տնային կալանքի տակ է գտնում։
Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ չի ճանաչում երիտասարդին և հավելել, որ նա այն բազմաթիվ մարդկանցից է, ովքեր խնդրում են նկարվել իր հետ։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կայացել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարը, որի արդյունքում Էրդողանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում։ Նա առաջադրված միակ թեկնածուն է եղել։