Ֆրանսիայում կորոնավիրուսի երրորդ ալիքի տարածման ֆոնին կփակվեն դպրոցները
Ֆրանսիայում կորոնավիրուսային վարակի երրորդ ալիքի տարածման հետևանքով դպրոցները կփակվեն առնվազն երեք շաբաթով, հայտնում է BBC լրատվականը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Մակրոնը նշել է, որ հաջորդ շաբաթվանից դպրոցներն անցնելու են հեռավար ուսուցման ծրագրի։ Ապրիլի սկզբից երկրի որոշ շրջաններում առկա սահմանափակումները տարածվելու են երկրի մյուս շրջաններում։ Տանից դուրս գալ կթույլատրվի մինչև 10 կիլոմետր հեռավորության վրա միայն՝ եթե ավելի հեռու գնալու համար հիմնավոր պատճառեր չկան։ Այս պահին Ֆրանսիայի հիվանդանոցներում վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում մոտ 5 հազար մարդ։
Չորեքշաբթի երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել է 59 038 նոր դեպքի մասին: Ֆրանսիայում մինչ այժմ հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 4,6 միլիոն դեպք, որից 95 495-ը` մահվան ելքով:
Մակրոնն ասել է, որ «թունելի վերջը» տեսանելի կլինի, եթե մարդիկ հարգեն նոր սահմանափակումները:
Բացի Ֆրանսիայից կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով իրավիճակը վատթարացել է նաև ԵՄ անդամ այլ պետություններում։