«ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստել են 65 տարեկանից բարձր քաղաքացիների գրեթե 75%-ին». Բայդեն
ԱՄՆ-ի իշխանություններին հաջողվել Է արագացնել նոր կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման գործընթացը, պատվաստվել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների արդեն գրեթե 75 տոկոսը: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ESPN հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում, որը եթեր Է դուրս եկել մարտի 31-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշել Է ԱՄՆ-ի ղեկավարը, երկրում մոտ են այն բանին, որ «պատվաստված լինի 65 տարեկանից բարձր մարդկանց 75 տոկոսը՝ բնակչության առավել խոցելի մասը»: Նա արձանագրել Է, որ վարակի տարածման արագությունն այդ առնչությամբ պետք Է «զգալիորեն նվազի»:
Բայդենն ուշադրությունը բևեռել Է այն բանի վրա, որ իր վարչակազմը մի քանի հազարով ավելացրել Է այն աշխատակիցների հաստիքակազմը, որոնք բնակչության պատվաստում են կատարում երկրում, ինչպես նաև լրացուցիչ կենտրոններ Է բացել դրա համար:
Բայդենը քննադատել Է ԱՄՆ-ի այն նահանգների իշխանություններին, որոնք, նրա կարծիքով, չափազանց արագ են վերացնում համավարակի պատճառով սահմանվանծ սանիտարական սահմանափակումները:
«Ես չեմ հասկանում՝ ինչու մենք չենք առաջնորդվում գիտական տվյալներով»,- ընդգծել Է Միացյալ Նահանգների ղեկավարը: ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30,4 միլիոն դեպք, մահացել Է 552 038 մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով Էլ զբաղեցնում Է առաջին տեղն աշխարհում: