Պոզներն իր այցով պայմանավորված բողոքի ակցիաներից հետո լքել է Թբիլիսին
Ռուս հաղորդավար, լրագրող և գրող Վլադիմիր Պոզները լքել է Վրաստանը, որտեղ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել իր այցի կապակցությամբ, վրացական «Առաջին ալիք»-ին հղումով գրում է ria.ru-ն։
«Ռուս լրագրող Պոզները և նրա հյուրերը լքել են Վրաստանը։ Ինքնաթիռը թռել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։ Օդանավակայանում մոբիլիզացվել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Կային նաև ցուցարարներ»,- տեղեկացրել է «Առաջին ալիք»-ը։
Նշվում է՝ հեռուստահաղորդավարն ու նրա ընկերները ոստիկանության ուղեկցությամբ դուրս են եկել հյուրանոցի շենքից, ցուցարարները նրանց ուղեկցել են օդանավակայան, այնուհետև, համոզվելով, որ ռուս այցելուները լքել են երկիրը, հեռացել են։
Չորեքշաբթի երեկոյան Թբիլիսիում բողոքի ակցիաներ են կազմակերպվել լրագրող Պոզների այցի պատճառով, որը Վրաստանի մայրաքաղաք է ժամանել ծննդյան օրը նշելու համար: Ցուցարարները պնդում են՝ քանի որ Պոզները չի ճանաչում երկրի տարածքային ամբողջականությունը, ապա նրա ներկայությունն անընդունելի է։
Նրանք շրջապատել են հյուրանոցը, կարողացել են անջատել հյուրանոցի էլեկտրամատակարարումը, ինչպես նաև ձվեր են նետել։
«Մենք չենք պատրաստվում հեռանալ և կմնանք այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք, ովքեր Աբխազիան չեն համարում Վրաստանի մաս, չեն լքել մեր երկիրը։ Կլինեն մշտական ակցիաներ», - հայտարարել էր «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զաալ Ուդումաշվիլին։