Կրծած հայրենիք. Գերլեգիտիմ իշխանության դիմաց վճարեցինք Արցախի 75 %-ի, 5000 հայորդիների կորստով, տասնյակ-հազարավոր հաշմված ու խեղված ճակատագրերով ու ՀՀ-ի առջև ծառացած՝ ընդհուպ գոյաբանական սպառնալիքներով. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է.
«Առաջիկայում Հայաստանում հնարավոր են արտահերթ ընտրություններ և, ի թիվս այլ խնդիրների, ընտրություններից առաջ և դրանից հետո առաջ է մղվելու ձևավորվելիք իշխանության լեգիտիմության հարցը։
Ընդհանրապես, իշխանության լեգիտիմության խնդիրը Հայաստանի քաղաքական կյանքին ուղեկցել է գրեթե միշտ՝ սկսած 1995 թվականի խորհրդարանական ընտրություններից՝ որպես կանոն, դառնալով քաղաքական օրակարգ ձևավորող առաջնային հարցը։ Ընտրություններն այդ ժամանակներից ի վեր միշտ կեղծվել են, և հետընտրական քաղաքական կյանքը կառուցվել է կեղծված ընտրությունների կա՛մ բողոքարկման, կա՛մ իշխանության ոչ լեգիտիմության մասին քաղաքական հռետորաբանության շուրջ։
Իրականում լեգիտիմության խնդիրը հատուկ է եղել Հայաստանի բոլոր իշխանություններին՝ բացառությամբ 1991թ․ նախագահական և 1999թ․ ԱԺ ընտրությունների, երբ հաղթել են, համապատասխանաբար, Լևոն Տեր-Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի առաջնորդած «Միասնություն» դաշինքը։ Բոլորովին այլ է 2018 թ․ ԱԺ ընտրությունների պարագան, որում արտահայտվում է լեգիտիմության հետ կապված խորքային, բայց մեր հանրային-քաղաքական կյանքում երկրորդական պլան մղված պրոբլեմներից մեկը։ Խնդիրը ֆորմալ, ընթացակարգային և բովանդակային լեգիտիմության մեջ է։ Առաջինը վերաբերում է բուն ընտրական պրոցեսին կամ ակտին, երկրորդը՝ ինչպես ընտրական, այնպես էլ ու առավել ևս՝ նախընտրական քաղաքական գործընթացների ներքին տրամաբանությանը։ Լեգիտիմությունը, ահա, այս երկու հարթությունների դասակարգելու դեպքում՝ կարող է առաջանալ երկվություն․ իշխանությունը կարող է լինել լեգիտիմ ֆորմալ առումով, և ոչ լեգիտիմ կամ կեղծված՝ բովանդակային հարթությունում։ 2018 թ․ ընտրությունը հենց այս պարագան է։
Ընթացակարգային իմաստով գուցե դրանցում կեղծիքներ չեն կատարվել կամ չեն կատարվել այնքան, որ ազդեին ընտրական արդյունքի վրա։ Բայց դրա նախորդած ողջ շրջանը լի է եղել կեղծիքներով ու մանիպուլյացիայով, 2018-ի դեկտեմբերի ընտրությունը կայացել է ԱԺ-ի հոկտեմբերյան պաշարման արդյունքում, ինչն անգամ նեղ իրավական հարթությունում կարող է որակվել՝ որպես իշխանության զավթում։ Բայց տվյալ համատեքստում խնդիրը երևույթի իրավականությունը չէ, այլ քաղաքական բովանդակությունը, որը հանգում է իրողությանը, որ ֆորմալ լեգիտիմություն ունեցող իշխանությունը կարող է ոչ լեգիտիմ լինել ներքնապես, ինչը կարող է դեֆորմացնել ոչ միայն իշխանությանը, այլև քաղաքական համակարգն ընդհանուր առմամբ։
Հայկական քաղաքականության համակարգային խնդիրներից մեկը եղել է «լեգիտիմության պաշտամունքը»։ Տասնամյակներ շարունակ հասարակությանը մատուցվել է, թե բավարար է ունենալ լեգիտիմ իշխանություն, և մեր բոլոր խնդիրներն անմիջապես կլուծվեն։ Դա, իհարկե, մոլորություն է, որը, սակայն, արդյունավետորեն կիրառվել է հանրային գիտակցության մանիպուլյացիայի նպատակով։ Խնդիրը, իհարկե, լեգիտիմության կարևորության ժխտումը չէ, լեգիտիմությունը, անշուշտ, չափազանց կարևոր է հատկապես բարեփոխումների, ցավոտ նախաձեռնությունների կյանքի կոչման համար։ Սակայն, այդքանով հանդերձ, լեգիտիմությունն ինքնին ոչ թե նպատակ է կամ գերնպատակ, այլ սոսկ միջոց՝ ավելի կարևոր նպատակների հասնելու համար։
Կյանքը ցույց տվեց, որ լեգիտիմ իշխանությունը, ինչպիսին պայմանականորեն կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ոչ միայն չլուծեց Հայաստանի խնդիրները, այլև պատուհաս դարձավ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի համար։ Գերլեգիտիմ իշխանության դիմաց մենք վճարեցինք Արցախի 75 տոկոսի, 5000 հայորդիների կորստով, տասնյակ-հազարավոր հաշմված ու խեղված ճակատագրերով ու Հայաստանի առջև ծառացած՝ ընդհուպ գոյաբանական սպառնալիքներով։
Վճարեցինք, որովհետև մեր հավաքական իմաստնությունը չէր բավականացնում՝ հասկանալու համար, որ ղարաբաղյան հակամարտության նման կնճռոտ հարց ունեցող երկրում իշխանության ոչ լեգիտիմությունը՝ բոլոր թերություններով հանդերձ, կարող էր նաև ոչ հայանպաստ լուծումներից խուսանավելու միջոց լինել և եղել էր տարիներ շարունակ։ Ահա այդ չբարձրաձայնվող նրբության կարևորությունը չգիտակցելով՝ մենք տուրք տվեցինք լեգիտիմության կուլտին՝ ճանապարհ հարթելով, որ լեգիտիմ իշխանությունը մեր հակառակորդներին, թշնամիներին ու բարեկամներին հանձնի այն, ինչը հնարավոր էր եղել պահպանել, ի թիվս այլ գործոնների, նաև իշխանության ոչ լեգիտիմության շնորհիվ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: