Նոր զարգացումներ «Հոկտեմբերի 27»-ի գործով. ավելի քան մեկ տասնյակ մարդ է հարցաքննվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020 թվականի ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, այդ թվում` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը և Արամ Սարգսյանը: Նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա՝ կատարվել են բազմաթիվ առգրավումներ:
Խոսքը դատաքննության հատորների, քրեական գործին կցված ձայնագրությունների և այլ նյութերի մասին է: Մեր տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ, և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան:
Ներկայումս 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած արյունալի սպանդի ամբողջական հանգամանքները պարզելու, ինչպես նաև գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով դեռ կատարվում են համապատասխան դատավարական գործողություններ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: