Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը կմիավորի թյուրքական աշխարհը»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո նոր հնարավորությունների շարքում ամենակարևորը տրանսպորտն է: Այս մասին գրում է minval.az կայքը:
«Պատերազմն ավարտվել է և դարձել է պատմություն: Նոր հնարավորություններ են ի հայտ եկել: Դրանց թվում, կարծում եմ, ամենակարևորը տրանսպորտային հնարավորություններն են», - ասել է Ալիևը թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ:
Նա տեղեկացրել է, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հարցով:
«Այժմ Զանգեզուրը խաղալու է թյուրքական աշխարհը միավորելու դեր: Քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտի, կապի, ենթակառուցվածքների նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում`Հայաստանի համար»,-ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ Հայաստանը երկաթուղային կապ չունի Ադրբեջանի հետ:
«Այդ կապը կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքով: Հայաստանը երկաթուղային կապ չունի նաև հարևան Իրանի հետ: Նախիջևանի միջոցով այս կապը նույնպես կարող է ապահովվել»,-նշել է Ալիևը: