ՌԴ ԱԻՆ-ը սոցցանցում տարածվող տեսանյութերի ֆոնին զբոսաշրջիկներին հորդորել է չլուսանկարվել Կամչատկայում ժայթքած հրաբխի ֆոնին
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացրել է ժայթքող հրաբխի խառնարանին մոտ տարածքում գտնվելու մահացու վտանգի մասին:
Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, գերատեսչությունը ստիպված է եղել նման քայլի դիմել, երբ սոցցանցում տեսանյութեր են սկսել հրապարակվել, որում մարդիկ ցույց են տալիս, թե ինչպես են լուսանկարներ անում խառնարանի մոտ, որից լավա է ժայթքում:
Խոսքը Կամչատկա թերակղզում գտնվող Կլյուչևսկայա Սոպկա հրաբխի մասին է, որը վերջերս ակտիվացել է և առաջնային զբոսաշրջային ուղղություն դարձել սուր զգացողությունների սիրահար էքստրեմալների համար: Վերջին օրերին ավելի ու ավելի շատ լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակվում սոցցանցերում` ներկայացնելով 2850 մետր բարձրություն ունեցող հրաբխից վտանգավոր հեռավորությամբ և անգամ լեռնալանջերին արված կադրերը:
Ռուս փրկարարները ընդգծում են, որ ժայթքող հրաբխին մոտ գտնվելը չափազանց վտանգավոր է կյանքի համար:
Հիշեցնենք, որ վերջերս հրաբխի մոտ սելֆի անելու փորձերից մեկը ողբերգական ավարտ էր ունեցել: