Շերոն Սթոունը պատմել է, որ «Արագ և մեռած» ֆիլմում նկարահանվելու համար ինքն է վճարել Լեոնարդո դի Կապրիոյի աշխատավարձը
Մարտի 30-ին լույս է տեսել հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունի The Beauty of Living Twice գիրքը․ ինքնակենսագրական գրքում 63-ամյա աստղը պատմել է, որ «Արագ և մեռած» (The Quick and the Dead) ֆիլմում նկարահանվելու համար ինքն է վճարել հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոյի աշխատավարձը, գրում է Fox News-ը։
Սթոունը, որը 1995-ին թողարկված մարտաֆիլմում կերտել է հրաձիգ Էլենի կերպարը, տեղափոխվում է գյուղական ավան և ընկերանում է Դի Կապրիայի կերպարի հետ։ Դերասանուհու խոսքով՝ այդ դերի համար ինքը և ֆիլմի պրոդյուսերները դիտարկել են մի քանի երիտասարդ դերասանի։
«Լեոնարդո դի Կապրիո անունով երիտասարդ տղան միակն էր, որը կարողացավ հիանալի խաղալ փորձերի ժամանակ»,- գրել է նա՝ հավելելով, որ այնուամենայնիվ, TriStar Pictures կինոարտադրող ընկերությունը նրան վարձատրելու ցանկություն չի ունեցել։
Սթոունի խոսքով՝ TriStar Pictures-ում հայտնել են, որ «եթե շատ է ցանկանում, կարող է իր աշխատավարձից վճարել երիտասարդին» և դերասանուհին այդպես էլ վարվել է։