Թրոմբների առաջացման ավելի քան 30 դեպքի հայտնաբերման ֆոնին Գերմանիայում AstraZeneca-ով այսուհետ կպատվաստեն միայն 60-ից բարձր քաղաքացիներին
Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել այսօրվանից AstraZeneca հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստումը թույլատրել միայն 60 տարեկանից բարձր քաղաքացիների դեպքում:
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ երկրի կառավարության և առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո:
Նշվում է, որ գերմանական կարգավորիչը համապատասխան առաջարկությամբ հանդես է եկել նախորդ օրը:
«Մենք չենք կարող անտեսել այս առաջարկությունը: Մենք որոշում ենք կայացրել հետևել դրան»,- ասել է Մերկելը:
Նշենք, որ կանցլերի հայտարարությունն արվել է մինչև 60 տարեկան տարիքային խմբում այս դեղամիջոցով պատվաստված մարդկանց շրջանում թրոմբների առաջացման ավելի քան 30 դեպքի հայտնաբերման ֆոնին:
Ինչպես հաղորդվում է, գերմանական կարգավորիչը նախօրեին արձանագրել էր 9 մահ՝ AstraZeneca-ով պատվաստումից հետո: