Թուրքիայում 80-ամյա դերասանուհին մոտ 1 տարվա ազատազրկման է դատապարտվել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով
Թուրքական դատարանն 80-ամյա թուրք դերասանուհի Նուլֆուր Այդանին ազատազրկման է դատապարտել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, հայտնում է Ahval-ը։
Դերասանուհին դատապարտվել է 11 ամիս 20 օր ժամկետով ազատազրկման՝ սոցիալական ցանցերի իր էջերում 2016 թվականից ի վեր Էրդողանի մասին գրված հաղորդագրությունների համար։ Նա ասել է, որ չի հիշում, թե ինչ գրառումների մասին է խոսքը և նշել, որ հնարավոր է դրանք այլոց կողմից գրված լինեն։
Կնոջ փաստաբան Յիգիթհան Յուգսելն ասել է, որ դերասանուհու գրառումները «քաղաքական քննադատություն են», ոչ թե անձնական վիրավորանք։
Համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի` նախագահին վիրավորելու համար կիրառվում է 1-ից 4 տարի ազատազրկում։ Այս համատեքստում Թուրքիայի կառավարությունը շահարկում է սոցցանցերում գրառումները, մուլտֆիլմերը, լրատվական ռեպորտաժները՝ որպես նախագահի նկատմամբ վիրավորանք հնչեցնելու մեղադրանքների համար ապացույց։
2010-2017 թվականների ընթացքում նախագահին վիրավորելու մեղադրանքով 12 893 գործ է հարուցվել, որից 12 305-ը ներկայացվել է Էրդողանի շահերը պաշտպանող փաստաբանների կողմից: