Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը Թեհրանին ԳՀՀԾ-ի պարտավորությունների կատարմանը վերադարձնելու համար մտադիր են համակարգել ջանքերը
Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը մտադիր են համակարգել ջանքերը` Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը վերականգնելու և Թեհրանին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադարձնելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Ելիսեյան պալատը, երեքշաբթի երեկոյան կայացած տեսակոնֆերանսի ընթացքում պայմանավորվել են Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ղեկավարները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են համակարգել ջանքերը Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկխոսություն հաստատելու համար և ջանալ որքան հնարավոր է շուտ Իրանին վերադարձնել իր պարտավորությունների կատարմանը»,- հայտարարել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմում:
Քննարկելով Լիբիայում տիրող իրավիճակը՝ Մակրոնն ու Մերկելը կոչ են արել բոլոր կողմերին, այդ թվում՝ Ռուսաստանին, «գործադրել բոլոր ջանքերը՝ ներկայիս անցումային գործընթացը հեշտացնելու համար»:
Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները նաև մտահոգություն են հայտնել Սիրիայում հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Նրանք անհրաժեշտ են համարել «բնակչությանը հումանիտար օգնության տրամադրումը»:
2015 թվականի հուլիսի 14-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատման մասին:
2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել է դրանից միակողմանի դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:
Իրանը մայիսի 8-ին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մի շարք կետերի կատարման դադարեցման մասին։