Բրիտանական համալսարանը 33 000 դոլար է ծախսել էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգի արձանը կանգնեցնելու համար. ուսանողները դժգոհ են (տեսանյութ)
Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Ուինչեսթերի համալսարանի տարածքում կանգնեցվել է շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգի արձանը, գրում է BBC-ն:
Նշվում է՝ 18-ամյա աղջկա արձանն ուսումնական հաստատությանն արժեցել է գրեթե 24 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 33 հազար դոլար): Դրա հեղինակը բրիտանուհի Քրիստին Չարլզվորթն է:
Միևնույն ժամանակ, համալսարանի ուսանողները հիասթափություն են հայտնել վարչակազմի նման որոշման առնչությամբ: Ըստ ուսանողական միության նախագահ Մեգան Բոլի՝ շատ ուսանողներ, որոնք կորոնավիրուսային համավարակի պատճառով ստիպված են հեռավար ձևաչափով սովորել, ֆինանսական աջակցության կարիք ունեն:
«Մենք համալսարանի ղեկավարությանը կոչ ենք անում արձանի վրա ծախսված գումարն ուղղել ուսանողներին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու համար», - ասել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Շվեդիայում Գրետա Թունբերգի լուսանկարով փոստային նամականիշ է թողարկվել: Այն նվիրված է շրջակա միջավայրին և բնապահպանական խնդիրներին: