«Մենք կարիք ունենք վերածնվելու, եւ այդ վերածնունդը հենց Արցախից է լինելու». ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմն Արցախյան պատերազմի մասին է
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, որը հայտնի է Արցախի մասին պատմող իր ֆիլմերով («Թեւանիկը», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»), աշխատում է նոր գեղարվեստական ֆիլմի շուրջ, որի միջոցով ներկայացնելու է 2020 թ-ի Արցախյան պատերազմի թեման: Այսօր՝ մարտի 30-ին կայացած ասուլիսին ռեժիսորը նշեց, որ «Վերածնվածը» վերնագիրն ունեցող իր նոր ֆիլմն ի սկբզբանե պետք է 2016 թ-ի Արցախյան պատերազնի մասին լիներ, սակայն 2020-ի իրադարձությունները փոխեցին ֆիլմի ուղղությունը:
«2018-ին մեր թիմով սկսել էինք աշխատել նոր գաղափարի՝ «Վերածնվածը» ֆիլմի շուրջ, փորձում էինք անդրադառնալ Արցախի՝ 2016-ի պատերազմին: Մեզ համար միշտ կարեւոր է եղել ստեղծել արվեստի բարձրորակ աշխատանք, ֆիլմը ինքնանպատակ չէր, այլ բարորակ գործ, որի միջոցով փորձել ենք պատմել Արցախի մասին: Ֆիլմն ունեցել է բավական բուռն ու հախուռն զարգացման ընթացք»,-նշեց ռեժիսորը:
Ֆիլմի գաղափարը կյանքի կոչելու համար ստեղծագործական թիմն այսօրվանից սկսում է համաֆինանսավորման արշավ, որին հնարավոր է միանալ Kickstarter.com կայքի միջոցով:
«Վերջին մեկ տարվա դեպքերը դժվարություններ ստեղծեցին: Չունենալով աշխարհում վաճառք՝ նախաձեռնեցինք մեր ամբողջ արշավը սկսել քրաուդֆոնդինգով: Եթե ժամանակին Արցախի մասին ֆիլմերով փորձում էինք աշխարհին պատմել մեր մասին, հիմա նաեւ կարեւոր է, որ պատմենք մեր հետագա սերունդին, երեխաներին»,-ընդգծեց ռեժիսորը:
Ֆիլմի սցենարի հեղինակը Նարինե Ոսկանյանն է: Նա չցանկացավ շատ մանրամասներ հայտնել սյուժեի վերաբերյալ, բայց նշեց.
«Ֆիլմի թեման խաղաղությունն է, սակայն այդ խաղաղությանը հասնելու համար կարիք ունենք գտնելու մեր ինքնությունը: Այդ մարդածին աղետները հենց ինքնությունը կորցնելու պատճառով են եղել, եւ մենք կարիք ունենք վերածնվելու, եւ այդ վերածնունդը հենց Արցախից է լինելու: Ֆիլմի կենտրոնական առանցքում Արցախն է: Ինչպես արդեն նշվել է՝ 2016 –ի ապրիլյան դեպքերն էին նախատեսված պատմության մեջ, բայց անցած տարվա պատերազմը փոխեց մեր ծրագրերը եւ այնտեղ ներառեցինք 2020 թ-ի դեպքերը: Հիմա աշխատում ենք մյուս անհրաժեշտ փոփոխությունների շուրջ: Առանձնահատուկ է նաեւ այն փաստը, որ ֆիլմում արհեստական բանականության ուղղությունն ենք զարգացնում, ինչը, կարծում եմ, հայկական ֆիլմարտադրության մեջ բացառիկ է: Այն ֆիլմի երեք գլխավոր հերոսների հետ զարգանում է եւ ինքն էլ վերածնվում: Ֆիլմը, հուսանք, մեր վերածնունդը կլինի ամբողջ հայության համար»:
Սցենարի խորհրդատու, կինոգետ Զավեն Բոյաջյանը նշեց, որ ֆիլմի պատմությունը ստեղծման պահից էական փոփոխությունների է ենթարկվել:
«Երկու տարի, պարբերաբար, հանդիպել ենք Ջիվանի հետ, քննարկել սյուժեն, եւ այս տարիների ընթացքում ֆիլմը վերնագրից սկսած բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, եւ վերջնական տարբերակը էականորեն տարբերվում է այն ամենից, ինչ նախապես մտածված էր: Շատ բաներ էլ, կարծում եմ, դեռ կփոփոխվեն, ուղղակի կասեմ, որ թեմայի, կերպարների, բովանդակության առումով շատ հետաքրքիր ֆիլմ է լինելու, որը նոր բովանդակային շերտ կարող է բերել հայկական ֆիլմարտադրության մեջ»,-նշեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: