Մոտակա 100 տարում դա անհնար է․ դասախոսները և ուսանողները՝ ակադեմիական քաղաք ստեղծելու Փաշինյանի առաջարկի մասին (Տեսանյութ)
Հետպատերազմական Հայաստանում կան ավելի կարևոր խնդիրներ, քան ակադեմիական քաղաք ունենալը։ NEWS.am-ի անցկացրած հարցման ժամանակ մեծ մասամբ այսպես են արձագանքել ուսանողները և դասախոսները բուհերի շենքերը վաճառելու և Երևանից դուրս ակադեմիական քաղաք հիմնելու Նիկոլ Փաշինյանի մտահղացմանը։
«Վարչապետի ոչ մի խոսքը լուրջ չեմ ընդունում, որովհետև ոչ մի լուրջ գործողություն չեմ տեսել։ Իրենից հնչած ոչ մի խոսքի չեմ հավատում։ Մեր գերիներին, զոհերի մարմինները հետ չեն բերել, առաջնայինը հիմա ակադեմիական քաղաքը չէ։ Ավելի լավ է՝ թող համալսարանները զինեն նորագույն տեխնոլոգիաներով, որ և աշխատանքը հեշտացնեն, և մոտ լինենք ժամանակակից աշխարհին»,- ասաց Երևանի պետական համալսարանի անգլերենի դասախոս Մարիամ Խաչատրյանը։
Ուսանողները կարծում են, որ այժմ կրթական համակարգում կան շատ բացեր և խնդիրներ, որոնց լուծումն ավելի առաջնային է, քան ակադեմիական քաղաքի կառուցումը։
«Նոր ծրագրեր կարող են ներմուծել, նոր մեթոդներով դասավանդել»,- նշեց ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լիանա Թուրյանը։
Որպես առավելություն ուսանողները նշեցին, որ նման քաղաքի կառուցումը կզարգացնի գիտութունը, իսկ ուսանողների համար ամեն ինչ կենտրոնացած կլինի մեկ վայրում։
«Մարզերից եկած շատ ուսանողներ ունեն վարձերի խնդիր, եթե նման քաղաք լինի, այդ խնդիրը կվերանա»,- ասաց Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողուհի Անահիտ Մելքումյանը։
Մեզ հանդիպած քաղաքացիներն իրատեսական չհամարեցին այս շրջանում ակադեմիական քաղաքի կառուցումը՝ հաշվի առնելով հետպատերազմական դրությունը։
«Գաղափարը շատ լավն է, բայց Հայաստանն այդ վիճակում չէ, որ նման գաղափարն իրականացնի։ Մոտակա 100 տարում դա անհնար է։ Նման ծրագիրը միլիարդների հետ է կապված, որոնք մոտ ապագայում չեն լինի»,- ընդգծեց Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի դասախոս Անուշ Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կա գաղափար Երևանում գործող բուհերի շենքերը վաճառելու և գոյացած գումարով Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու։