Պոմպեո. Կորոնավիրուսի ծագման մասին ԱՀԿ-ի զեկույցը ապատեղեկատվական արշավի կեղծ շարունակությունն է
«Կորոնավիրուսի ծագման մասին ԱՀԿ-ի զեկույցը ապատեղեկատվական արշավի կեղծ շարունակությունն է»,- Twitter-ում գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Այդ թե ինչու էի ես խորհուրդ տալիս հեռանալ ԱՀԿ-ից»:
ԱՀԿ մասնագետների եւ նրանց չինացի գործընկերների երկար սպասված զեկույցում ասվում է, որ նոր կորոնավիրուսը կենդանիներից փոխանցվել է մարդկանց եւ «ծայրահեղ քիչ է հավանական», որ համավարակի պատճառը Ուհանի լաբորատորիայից վիրուսի արտահոսքը լինի:
Հայտարարելով, որ ՄԱԿ-ը թերագնահատում է վիրուսի նշանակությունը, Պոմպեոն նշել է, որ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսն աշխատում էր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, որպեսզի «ԿՐԻՏԻԿԱԿԱՆ պահին թաքցնեն մարդուց մարդուն վիրուսի փոխանցումը»: Պոմպեոյի խոսքով՝ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը «մնում է վիրուսի ամենահավանական աղբյուրը, եւ ԱՀԿ-ն հանցակից է»:
Նախկինում Պոմպեոն մեղադրել էր Չինաստանին համավարակի համար, որը Միացյալ Նահանգներում 550 000 մարդու կյանք է խլել:
Իր պաշտոնավարման վերջին օրերին Պոմպեոն հրապարակել էր այն, ինչը, նրա խոսքով, ԱՄՆ-ի տվյալներն են այն մասին, որ լաբորատորիայի աշխատակիցները 2019-ին ունեցել են Covid կամ այլ հիվանդություններ հիշեցնող ախտանիշներ: Այս մեղադրանքների ֆոնին Միացյալ Նահանգները հայտարարել էր ԱՀԿ-ից դուրս գալու մասին:
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը արագ փոխեց իր կուրսը, վերադարձավ ԱՀԿ՝ պնդելով, որ առողջապահական ոլորտում գլոբալ համագործակցությունը առաջնային է, բայց նաեւ քննադատեց Պեկինին թափանցիկության բացակայության համար, այդ թվում նաեւ այն բանի համար, որ այլեւս հասանելիություն չի տրամադրում փորձագետների խմբին: