«Եթե նոր կառավարություն չձևավորվի, երկիրը «Տիտանիկ»-ի պես կխորտակվի»․ Լիբանանի խորհրդարանի խոսնակ
Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին զգուշացրել է, որ, քանի դեռ նոր կառավարություն չի ձևավորվել, ամբողջ երկիրը կարող է «Տիտանիկ»-ի պես խորտակվել, հայտնում է BBC-ն։
«Ամբողջ երկիրը վտանգի տակ է, ամբողջ երկիրը «Տիտանիկ-ն» է։ Եթե նավը խորտակվի, ոչ ոք չի մնա», - ասել է Բերին։
Լրատվականը հիշեցրել է, որ ավելի քան 7 ամիս է, ինչ Լիբանանը կառավարություն չունի։ Նախկին կառավարությունը հրաժարական էր տվել Բեյրութի նավահանգստի աղետալի պայթյունից հետո։ Պայթյունի հետևանքով խորացել է երկրի` առանց այդ էլ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը։
Խորհրդարանի խոսնակը վերոնշյալ արտահայտությունն արել է խորհրդարանական նիստի բացման իր ելույթում, որի ընթացքում կոչ է արել հաստատել 200 միլիոն ԱՄՆ դոլար վարկը՝ «Լիբանանի լույսերը երկու ամիս ևս վառ պահելու համար»։
BBC-ն նշել է, որ երկրի պետական էլեկտրական ցանցերը պարտքեր ունի և կիրակի օրը կայաններից մեկի աշխատանքը դադարեցվել է։ Այս պահին ընկերությունն աշխատում է 2020 թվականի բյուջեի հաշվին, քանի որ երկրում կառավարություն չի կազմվել և չի կարող 2021 թվականի բյուջե հաստատել։
Առանց կառավարության Լիբանանի խորհրդարանը չի կարող միջազգային հանրության կողմից արտաքին օգնության դիմաց պահանջվող բարեփոխումներ իրականացնել, հայտնել է լրատվականի թղթակից Մարտին Փաթիենսը և հավելել, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում քաղաքական առաջնորդները վիճում են կառավարություն կազմելու հարցի շուրջ, մինչդեռ Լիբանանի ճգնաժամն ամեն օր խորանում է։