Տավուշում բացվել է կանաչ գյուղատնտեսության առաջին ուսումնական կենտրոնը (Լուսանկարներ)
Տավուշի Հովք գյուղում բացվել է կանաչ գյուղատնտեսության առաջին ուսումնական կենտրոնը:
Կենտրոնում հնարավոր կլինի ծանոթանալ Հայաստանի համար կիրառելի եւ արդյունավետ նորարար մեթոդներին ու տեխնոլոգիաներին, որոնք կլուծեն գյուղատնտեսության առաջ ծառացած խնդիրները շատ ավելի արագ եւ պարզ եղանակով՝ խնայելով բնական ռեսուրսները ու բարձրացնելով արդյունավետությունը։ Կցուցադրվի, թե ինչպես գյուղատնտեսությունը դարձնել նորարար եւ շահավետ բիզնես՝ չվնասելով բնությանը։ Բացի այդ, Կենտրոնի շնորհիվ կստեղծվի նաեւ երկար սպասված կապը ֆերմերների, ուսանողների, խորհրդատվական ծառայությունների, մասնավոր ու պետական սեկտորի, տուրիստների եւ հետաքրքրված սպառողների միջեւ։
Կենտրոնը վերազինվել է կայուն տեխնոլոգիաներով շնորհիվ ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից եւ իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։
Կենտրոնը ղեկավարվում է Կանաչ Արահետ ՀԿ-ի կողմից: