ՀՀ – ԵՄ համագործակցությունից կշահի թե՞ կտուժի էներգետիկ համակարգը (գրաֆիկ)
Հայաստանը, որպես երկու հարևան երկրներից (Ադրբեջան, Թուրքիա) կողմից շրջափակման ենթարկվող երկիր, որն անցել է արցախյան պատերազմներով և զգացել էներգետիկ կայունության և անկախության կարևորությունը, հատուկ ուշադրություն է դարձնում էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին: Դրանք, իրենց հերթին, պայմանավորված են ռազմաքաղաքական անվտանգությամբ եւ երկրի կայուն զարգացմամբ:
Էներգետիկ նախագծերը համարվում են ՀՀ տնտեսական և արտաքին քաղաքականության անբաժանելի մասը, ինչպես անմիջական հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ հարաբերություններում, այնպես էլ համաշխարհային կենտրոնների հետ համագործակցության կարևոր բաղկացուցիչը՝ ԵԱՏՄ և ԵՄ շրջանակներում ընդհանուր ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: Էներգետիկ անվտանգության և էներգետիկ ոլորտի բարեփոխումների հիմնահարցերը, նոր տեխնոլոգիաների ներդրումը և վերականգնվող ռեսուրսների մասնաբաժնի ընդլայնումը մշտապես եղել են ՀՀ – ԵՄ համագործակցության ուղղություններից մեկը:
Էներգետիկ անվտանգության հարցը Եվրամիության համար առավել արդիական է դարձել 2006-2009 թվականների գազային ճգնաժամից հետո։ ԵՄ-ն էներգետիկ անվտանգության քաղաքականությունը կառուցում է ճկուն, փոխկապակցված և բաց ներքին շուկայի սկզբունքով՝ հիմնված միջազգային բազմակողմ համագործակցության վրա: Էներգետիկ անվտանգության քաղաքականության միջազգային բաղադրիչը ներառում է գործակցություն հարևան երկրների, այդ թվում՝ Էներգետիկ համայնքի միջոցով Արևելյան գործընկերության երկրների հետ: 2011 թվականին Հայաստանը ստացել է այդ կազմակեպությունում դիտորդ երկրի կարգավիճակ:
Այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցությունը և նրա ներառումը եվրոպական էներգետիկ ինստիտուտների մեջ նպատակ ունի արդիականացնել ՀՀ էներգետիկ համակարգը, ապահովել շրջակա միջավայրի պաշտպանությունը և էներգետիկ կայունությունը՝ անցանկալի անակնկալներից (այդ թվում՝ բնապահպանական) խուսափելու համար: Բացի դրանից, շեշտադրվում է վերականգնվող էներգակիրների զարգացումն ու էներգաարդյունավետության բարձրացումը, որը հետապնդում է հետագայում հայկական ատոմակայանի այլընտրանքը ստեղծելու նպատակ: 2020 թվականին Հայաստանում արտադրվել է 7723,4 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, այդ թվում՝ Հայկական ԱԷԿ-ի կողմից 2756,3 մլն կՎտժ։
Էներգետիկ անվտանգության տեսանկյունից ՀՀ – ԵՄ համագործակցության առավել զգայուն հարցը «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» (ՀԳԸՄ) համաձայնագրի շրջանակում Հայկական ԱԷԿ-ի փակման հարցն է: Ի դեպ, այս հարցում դիրքորոշումները հակադրվում են:
Փորձագետների մի մասը կարևորում է ՀՀ – ԵՄ գործակցությունը ատոմակայանի հարցում և նշված ոլորտում որոշակի նյութական աջակցության ստացումը: Համաձայն այս վարկածի՝ ՀԳԸՄ համաձայնագիրը Հայաստանի համար չունի պարտադրողական բնույթ և չի կարելի պնդել, որ համաձայնագրում նշված է, որ ՀԱԷԿ-ը պետք է անպայման փակվի: Բացի դրանից համաձայնագրում չեն նշվում հստակ ժամկետներ, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանին խելամիտ օգտագործել ժամանակը:
Համաձայն հակադիր դիրքորոշման՝ երբ խոսքը նոր հզորություններով փոխարինման մասին է, սակայն չի խոսվում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մասին: ՀԳԸՄ համաձայնագիրը նոր հզորությունների կառուցման գլխավոր ուղղություն է հռչակում վերականգնվող էներգետիկան, որը կայուն չէ և պահանջում է պետական սուբսիդավորում, բացի դրանից չունի ատոմակայանի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակությունը: Ներկայում ԵՄ-ն իրականացնում է ատոմային խտրականության քաղաքականություն, որն ուղղված է միության էներգահաշվեկշռում միջուկային էներգետիկայի տեսակարար կշռի նվազեցմանը:
Մինչդեռ Հայաստանի համար ատոմային էներգետիկան ունի ռազմավարական նշանակություն ոչ միայն երկրի ներքին էներգետիկ անվտանգության ապահովման, այլև հայկական էներգակիրների արտահանման ծավալների ավելացման տեսանկյունից: Հատկանշական է, որ 2020 թվականին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) արտադրած էլեկտրաէներգիայի մասնաբաժինն ընդհանուրի մեջ կազմել է 35,7 տոկոս, այսինքն՝ ատոմակայանի դադարի դեպքում Հայաստանը կզրկվի իր էներգետիկ հզորությունների 1/3-ից։
Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ ԵՄ դերակատարումը ՀԱԷԿ-ի փակման հարցոււմ կարող է կրել միայն խորհրդատվական բնույթ: Ատոմային էներգետիկան հանդիսանում է ՀՀ պետական մենաշնորհը, հետևաբար բոլոր որոշումները պետք է ընդունի ՀՀ կառավարությունը: 2021 թվականը էներգետիկ ծանր տարի է լինելու․ արցախյան վերջին պատերազմի հետևանքով Հայաստանի տնտեսությունը զրկվեց Արցախի ՀԷԿ-երից ստացվող շուրջ 330 մլն կՎտժ էժան էլեկտրաէներգիայից, ինչպես նաև ՀԱԷԿ-ի վերազինման և արդիականացման նպատակով 140 օրով դադարեցվելու է ատոմակայանի գործունեությունը, ինչը, անշուշտ, լրացուցիչ լարվածություն կառաջացնի Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում։ Երկարաժամկետ լուծումներ գտնելու համար հարկավոր է հասարակությանն և իշխանություններին վերջնական որոշում կայացնել նոր ատոմակայան կառուցելու հարցում՝ փնտրելով համապատասխան ֆինանսավորման աղբյուրները։
Արամ Աճեմյան