Տիգրան Բարսեղյան. Հենց առաջին րոպեից հավատում էինք, որ պետք է հաղթենք
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի խաղում Իսլանդիայի հավաքականի նկատմամբ 2:0 հաշվով տնային հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:
«Հենց առաջին րոպեից հավատում էինք, որ պետք է հաղթենք, որովհետև հենց այդ նպատակով էինք դուրս եկել խաղադաշտ: Գոլիս մասին կասեմ, որ, երևի, իմ ոճով տեղափոխվեցի կենտրոն և հարվածեցի: Երևի, մի փոքր էր բախտս բերեց: Կարծում եմ՝ ֆանտաստիկ խաղ ստացվեց և իմ ու Բայրամյանի գոլերը շատ գեղեցիկ էին: Մենք 100 տոկսով արժանի էինք հաղթանակի:
Ամենակարևորն այն էր, որ հաղթեցինք և ուրախացրինք այսքան մարդու: Կարծում եմ՝ հեռուստաէկրանների առջև ևս բազմաթիվ մարդիկ էին հետևում այս հանդիպմանը: Շնորհակալություն բոլորին, որ այս ցուրտ եղանակային պայմաններում եկան և մեր կողքին եղան, դա կարևոր է մեզ համար: Շատ հաճելի էր դարձյալ մարզադաշտում տեսնել երկրպագուներին ու նրանց ժպիտները»,- ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասել է ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը Whoscored-ի վարկածով ճանաչվել էր Հայաստան - Իսլանդիա հանդիպման լավագույն խաղացող: Նա մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 2 գոլերը խփել էր ընդմիջումից հետո և առաջին անգամ 2 հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնության ընտրական փուլերում: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին՝ Երևանում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ:
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն: