Հարավային Կորեա է հասել Չինաստանից եկող հզոր փոշու փոթորիկը, ավազի ամպը ծածկել է Ճապոնիայի հարավ-արևմուտքը
Չինաստանի և Մոնղոլիայի անապատից հզոր փոշու փոթորիկը ծածկել է Հարավային Կորեայի ամբողջ տարածքը: Երկրի մայրաքաղաքային շրջանում եւ մյուս շրջաններում փոշու 10 միկրոմետրից պակաս (PM.10) տրամագծով մանր մասնիկների խտությունն աճել է մինչեւ ծայրահեղ վտանգավոր մակարդակ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչեկով երկրի ազգային օդերեւութաբանական ծառայությանը:
PM.10-ի խտությունը խորանարդ մետրին 31-ից մինչեւ 80 մկգ-ի դեպքում Հարավային Կորեայում որակվում է որպես «նորմալ», 81-ից մինչեւ 150-ի դեպքում՝ «վտանգավոր», 151-ից ավելիի դեպքում՝ «ծայրահեղ վտանգավոր»:
Ամբողջ երկրում PM.10-ը կշարունակի ամենաբարձր մակարդակում մնալ մինչեւ մարտի 29-ի վերջը, իսկ «վտանագավոր» մակարդակում՝ մինչեւ մարտի 31-ը: Իշխանությունները շնչառական եւ սիրտ-անոթային հիվանդություններով քաղաքացիներին, ինչպես նաեւ երեխաներին կոչ են արել առանց ծայրահեղ անհրաժեշտության փողոց դուրս չգալ: Փոշու փոթորկի նախազգուշացումը գործում է երկրի բոլոր նահանգներում, բացի հարավային Չեջուդո կղզուց:
Մանրագույն ավազի վիթխարի ամպը երկուշաբթի ծածկել է նաեւ Ճապոնիայի հիմնական տարածքի հարավարեւմտյան շրջանները: Երկրի օդերեւութաբանական վարչությունը իր կայքում պաշտոնապես նախազգուշացրել է ճանապարհներին տեսանելիության վատթարացման մասին եւ վարորդներին զգոն լինելու կոչ արել:
Չինաստանի եւ Մոնղոլիայի անապատային շրջաններից մանրագույն ավազը բերում է կայուն արեւմտյան քամին, ներկայումս ամպը հասել է ճապոնական Կյուսյու եւ Սիկոկու կղզիներին:
Սպասվում է, որ մարտի 30-ին ավազը կհասնի նաեւ Ճապոնիայի գլխավոր կղզի Հոնսյուի հարավ-արեւելքում գտնվող շրջաններ, ներառյալ Տոկիո: