ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ «պատվաստումների անձնագրեր» է մշակում. WP
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը և ամերիկյան մասնավոր ընկերություններ մշակում են նոր տիպի կորոնավիրուսի դեմ «պատվաստումների անձնագրերի» նախագիծ, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Հիմնականում այս հարցով զբաղվում է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը: Ակնկալվում է, որ «անձնագրերը» կլինեն անվճար և հասանելի սմարթֆոնների հավելվածի միջոցով, ընդ որում ամերիկացիները, որոնք հնարավորություն չեն ունենա օգտվել հավելվածից, պետք է տպեն փաստաթուղթը:
Պարբերականը նշում է, որ նախագիծը մշակողները բախվում են մի շարք խնդիրների, այդ թվում՝ տվյալների գաղտնիության պահպանման: Իշխանությունները նախատեսում են ստեղծել համակարգեր, որոնք դժվար կլինի կոտրելը և անձնագրեր, որոնք հնարավոր չէ կեղծել:
Պետության ղեկավար Ջո Բայդենի վարչակազմը հրաժարվել է հաստատել այս տեղեկությունը: