Թրամփի նախկին օգնականը Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ նրա հայտարարություններն «ակնհայտ կեղծիք» է անվանել
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի նախկին պաշտոնակատար Միք Մալվենին «ակնհայտ կեղծ» է որակել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ հայտարարությունները: Այդպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ինձ համար զարմանալի էր դա լսել նախկին նախագահից»,- խոստովանել է նա։
Սպիտակ տան նախկին ղեկավարը հունվարին հայտարարել էր, որ Կապիտոլիումի մոտ ցույցերի մասնակիցները «գրկախառնվել և համբուրել են» ոստիկաններին՝ միաժամանակ «զրոյական սպառնալիք» ներկայացնելով անվտանգության համար:
Սպիտակ տան վարչակազմի ղեկավարի նախկին պաշտոնակատարը հայտարարել է, որ ցուցարարների թվում եղել են Թրամփի ինչպես խաղաղ, այնպես էլ ավելի արմատական կողմնակիցները: Սակայն, ըստ Մալվենիի, ցուցարարների գործողությունների անվտանգության մասին նախկին նախագահի հայտարարություններն «ակնհայտորեն կեղծ են»։
«Սխալ է ասել, որ ոչ մի վտանգ չի եղել։ Ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է նման բան ասել՝ իմանալով, որ մարդիկ են զոհվել»,- ընդգծել է նա։
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով 2020-ի նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ էր տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ էր սպանվել: