Լուկաշենկոն Մինսկում ընդդիմության բողոքի ցույցերի փորձերի ֆոնին հոկեյ է խաղացել
Ընդդիմության կողմից Մինսկում բողոքի ցույցի հավաքվելու փորձերի ֆոնին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է հոկեյի խաղի Մինսկի մարզի թիմի դեմ: Լուկաշենկոյի թիմը հաղթել է 9: 2 հաշվով, գրում է «Իզվեստիան»:
Լուկաշենկոն մրցավեճում աչքի է ընկել գոլային փոխանցումով, իսկ կրտսեր որդին՝ Նիկոլայը, 2 գոլ է խփել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բելառուսի անվտանգության ուժերի տեխնիկան Մինսկի արևելյան ծայրամասերից, որտեղ տեղակայված են ՕՄՕՆ-ի և Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերի բազաները, շարժվել է դեպի քաղաքի կենտրոն` ընդդիմության կողմից հայտարարված և իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիայից առաջ:
2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Սվետլանա Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում: