Հասան Ռոուհանին հույս ունի, որ Իրանը ամռանը կհաղթահարի կորոնավիրուսը
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարն ավելի հեշտ է, քան 14 ամիս առաջ, երբ այն սկսել էր արագորեն տարածվել՝ հույս հայտնելով, որ մինչև օգոստոս, երբ ինք լքի իր պաշտոնը, հիվանդությունը կզսպվի երկրում: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:
«Կարծում եմ, որ հիվանդության պիկը անցել է»,- ասել է Ռոուհանին շաբաթ օրը կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում:
«Հնարավոր է, որ մենք աճ տեսնենք (կորոնավիրուսային վարակների – խմբ․), բայց այս հիվանդության դեմ պայքարն ավելի հեշտ է դարձել ՝ համեմատած 14 ամիս առաջվա հետ»,- ավելացրել է Իրանի նախագահը:
«Հուսով ենք, որ մինչ այս վարչակազմի պաշտոնավարման ժամկետի ավարտը (օգոստոսին) հիվանդությունն ամբողջությամբ տեղայնացված կլինի, իսկ մինչ այս (ըստ իրանական օրացույցի) 1400 թվականի (2022 թ. մարտ) ավարտը բոլոր իրանցիները պատվաստված կլինեն»,- ընդգծել է Ռոուհանին:
Ռոուհանին նաև հայտարարել է, որ Իրանը նախատեսում է մինչև տարեվերջ արտահանել իր ներքին արտադրության կորոնավիրուսային պատվաստանյութը: