Պենտագոնի թարգմանիչը «Հեզբոլլահ»-ի հետ առնչություն ունեցող անձին փոխանցել է գաղտնի տեղեկություններ՝ կապված Սոլեյմանիի սպանության հետ. նրան սպառնում է ցմահ ազատազրկում
ԱՄՆ քաղաքացին, որը որպես թարգմանիչ աշխատել է Իրաքում գտնվող ամերիկյան ռազմական կայաններից մեկում, իրեն մեղավոր է ճանաչել լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման հետ առնչություն ունեցող անձին գերգաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար: Տեղեկությունը վերաբերել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ «Ղոդս» էլիտար ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ առնչություն ունեցող անձանց:
Այս մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ, գրում է washingtonexaminer.com-ը:
«Ըստ դատական փաստաթղթերի՝ Մարիամ Թոմփսոնը պայմանագրային հիմունքներով որպես թարգմանիչ աշխատել է արտասահմանում գտնվող ԱՄՆ ռազմական կայաններից մեկում, որտեղ նրան պետական գաղտնի տեղեկատվություն է փոխանցվել: Թոմփսոնը իրեն մեղավոր է ճանաչել ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր տեղեկատվությունն օտարերկրյա քաղաքացուն փոխանցելու համար, որը, նրա կարծիքով, այն հանձնելու էր լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը, որն ԱՄՆ-ն ճանաչում է որպես ահաբեկչական խմբավորում»,- շեշտվում է տեքստում:
Թոմփսոնը խոստովանել է, որ 2017 թվականից ի վեր ինքը կապի մեջ է եղել մի անձի հետ, որը, նրա պնդմամբ, կապեր ունի «Հեզբոլլահ» շարժման հետ: Միևնույն ժամանակ, կնոջ մոտ որոշ ժամանակ անց սկսել են ռոմանտիկ զգացմունքներ առաջանալ նրա հանդեպ: 2020 թվականի հունվարին Սոլեյմանիի սպանությունից հետո, տղամարդը խնդրել է կնոջը տեղեկատվություն տրամադրել այն անձանց մասին, որոնք օգնել են Միացյալ Նահանգներին տեղորոշել «Ղոդս»-ի հրամանատարին: Միևնույն ժամանակ, ըստ կնոջ խոստովանության, նա հասկացել է, որ տեղեկատվությունը փոխանցվելու է «Հեզբոլլահ»-ին:
Ամբաստանյալը կարողացել է ստանալ այն տվյալները, որոնք պարունակել են հետախուզության ձեռք բերած մի շարք տեղեկություններ, այդ թվում՝ «լուսանկարներ, իրական անուններ, անձնական տվյալներ, որոնք թույլ են տալիս նրանց նույնականացնել, ինչպես նաև տեղեկություններ այդ անձանց անցյալի մասին»: Նրան նաև հաջողվել է ծանոթանալ այն փաստաթղթերին, որոնցում մանրամասնվել է, թե այդ մարդիկ ինչ տիպի տեղեկություններ են փոխանցում ամերիկյան իշխանություններին:
2020 թվականի փետրվարի 27-ին կնոջը ձերբակալել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները, բայց այդ ժամանակ նա հասցրել էր իր հանցակցին հանձնել բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ «տեղեկատվություն առնվազն 10 գաղտնի հետախուզական աղբյուրների ինքնության մասին, ինչպես նաև տեղեկություններ առնվազն 20 ԱՄՆ թիրախների վերաբերյալ»:
«Ուղղակի զարմանալի է, որ ամերիկացի կինը, որն արտասահմանում աշխատում էր ԱՄՆ-ի զինված ուժերում, դավաճանել է իր երկրին՝ հանուն ահաբեկիչների», - փաստաթղթում մեջբերված է ՀԴԲ խոսնակ Ալան Քոլերի հայտարարությունը:
Նշենք՝ կնոջը սպառնում է ցմահ ազատազրկում:
Հիշեցնենք, Սուլեյմանին զոհվել է 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ամերիկյան հրթիռային հարվածի հետևանքով: Դրան ի պատասխան՝ Թեհրանը, հունվարի 8-ի գիշերը, հրթիռային հարձակում էր սկսել Իրաքի երկու թիրախների՝ Այն ալ Ասադի հենակետի և Էրբիլի օդանավակայանի վրա, որոնք օգտագործում էին ԱՄՆ զինված ուժերը: Իրանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ վրեժխնդիր է լինելու Սուլեյմանիի սպանության համար: