Ճապոնիայում մտադիր են կիսով չափ կրճատել Տոկիոյի Ամառային օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի պաշտոնական հյուրերի թիվը
Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսային համավարակի պատճառով քննարկում է Տոկիոյի Ամառային օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի պաշտոնական հյուրերի թիվը կիսով չափ կրճատելու հարցը, գրում է Kyodo-ն:
Նշվում է, որ Օլիմպիական խաղերն անցկացնող երկիր կժամանի շուրջ 90 հազար օտարերկրյա հյուր, որից 30 հազարը մարզիկներ է, մնացածը՝ թիմերի անդամներ ու սպասարկող անձնակազմ: Կազմակերպիչները մտադիր են այս անձանց միայն կեսին թույլատրել մուտք գործել երկիր:
Ըստ թերթի, այն հյուրերին, որոնք անմիջական կապ չունեն մրցույթի մասնակցության հետ, խորհուրդ կտան չմեկնել Ճապոնիա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ COVID-19-ի ֆոնին Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշել էր մրցույթն անցկացնել առանց օտարերկրյա հանդիսատեսի: Ճապոնիայի իշխանությունները մտադիր են վերադարձնել օտարերկրացիների գնած տոմսերի գումարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն այս տարվա հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Նախկինում Խաղերը հետաձգվել էին մեկ տարով՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով: