«Վլադիմիր Վլադիմիրովիչ, կարծում եմ՝ գերազանց բլոգեր կդառնայիք». ուսուցիչը Պուտինին առաջարկել է բլոգեր դառնալ, ՌԴ նախագահը խոստացել է մտածել այդ մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» կազմակերպության դիտորդ խորհրդի նիստի ժամանակ խոստացել է մտածել սեփական բլոգ ստեղծելու մասին: Նման առաջարկով նրան է դիմել ուսուցիչ Անդրեյ Ֆեդոտովը, որը բլոգ է վարում դպրոցական կյանքի մասին, գրում է vedomosti.ru-ն:
«Հաջողակ բլոգեր դառնալու համար պետք է խարիզմատիկ լինել, պետք է ունենալ եզակի փորձ, պետք է կարողանալ կիսվել դրանով: Եվ, ի դեպ, մենք ունենք այդպիսի օրինակ: Վլադիմիր Վլադիմիրովիչ, կարծում եմ, որ Դուք գերազանց բլոգեր կդառնայիք»,- ասել է ուսուցիչը:
«Շատ շնորհակալ եմ, ես իսկապես կմտածեմ այդ մասին»,- պատասխանել է Պուտինը:
Նախագահը սատարել է նաև Ֆեդոտովի այն առաջարկին, որը վերաբերում է սոցիալական ցանցերում ուսուցիչների կարողությունները զարգացնելուն, քանի որ ներկայում նրանք հեռացել են դրանից: Նման փոփոխությունները, ըստ ուսուցչի, կօգնեն իր գործընկերներին ուսանողների հետ «նույն հարթության վրա» լինել:
«Ինչ վերաբերում է ձեր նախաձեռնությանը և գործընկերներին դիմելը, ես դրան աջակցում եմ, քանի որ եթե ինչ-որ բան հնարավոր չէ կանխել, ապա այն պետք է վերահսկել»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ պետության ղեկավարը սոցիալական ցանցերից չի օգտվում:
Միևնույն ժամանակ, 2019-ի հունիսին ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Պեսկովի խոսքերը, նշել էր, որ Պուտինը համացանցից օգտվում է, բայց դրանում չի «ապրում»՝ ի տարբերություն 25-ից ցածր տարիքի մարդկանց: