ՀՀ մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսի ռուսական կողմում մոտ 632 բեռնատար է կուտակվել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:
Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում և Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա կուտակված մոտ 632 բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։