Երբ ոմանք հիացած այս իշխանությունների՝ ասֆալտ անելու ջանքերով, փոփոխությունների բացակայությունից խոսողների բերանը փակում էին՝ ասֆալտապատ ճանապարհները ցուցադրելով, խելացի մարդիկ ասում էին՝ եկեք սպասենք մի քանի տարի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երբ որոշ մարդիկ հրճվում էին Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնից, որով նա դիմում էր հանրապետականներին, օլիգարխներին, դատավորներին, ապա՝ ընդդիմությանն առհասարակ։ Երբ նա Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին իրենց տեղն էր ցույց տալիս, արցախյան հերոսների դեմ գործեր էր հարուցում, բոլորին ծեփում էր պատերին, փռում «ասֆալտին», խելացի մարդիկ զգուշացնում էին, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնելու։ Դա հիմնովին սասանում է մեր երկրի մթնոլորտը, պառակտում հասարակությունը, ոչնչացնում մեզ այնքան անհրաժեշտ միասնականությունն ու հանրային համերաշխությունը։
Երբ ոմանք հիացած էին այս իշխանությունների՝ ասֆալտ անելու ջանքերով և փոփոխությունների բացակայությունից խոսողների բերանը փակում էին՝ ասֆալտապատ ճանապարհները ցուցադրելով, խելացի մարդիկ ասում էին՝ եկեք սպասենք մի քանի տարի, և ասֆալտը չէ կարևորը։ Երբ օրուգիշեր իշխանությունները խոսում էին կոռուպցիայի դեմ պայքարից, խելացիները խոսում էին երկրի անվտանգությունից, բանակցային պրոցեսի կասեցումից, դիվանագիտական ձախողումներից և ահազանգում էին, որ մեզ համար այսօր որքան էլ կոռուպցիայի դեմ պայքարն առաջնային է, օրակարգում այլ՝ ավելի կարևոր հարցեր կան լուծելու։
Երբ բարեփոխումների անվան տակ կրթական համակարգի ողնաշարն էին ջարդում՝ կրթական չափորոշիչներ փոխելով, «Եկեղեցու պատմությունը» հանում դպրոցից, բուհերի և դպրոցների տնօրեններ էին փոխում, մամուլի դեմ սահմանափակումներ մտցնում, գույքահարկն ավելացնում, ֆուտբոլի և մյուս ֆեդերացիաները յուրայիններով համալրում, ոստիկանության և ԱԱԾ-ի կառուցվածքը փոխում, խելացիները զգուշացնում էին, որ սա դրսից թելադրված ծրագիր է՝ մեր պետությունը թուլացնելու, օտար և կասկածելի համակարգեր ներդնելու, կազմալուծելու նպատակով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: