ՄԱԿ-ը հայտարարել է, որ համավարակը կարող է երկրների զարգացման համար կորսված տասնամյակի պատճառ դառնալ
Համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսային համավարակի պատճառով 90 տարվա ընթացքում իր ամենամեծ անկումն է ապրել՝ ազդելով հասարակության առավել խոցելի հատվածների վրա: Այդ պատճառով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ձեռքբերումը կարող է դանդաղել 10 տարով, ասված է միջազգային կազմակերպության զեկույցում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պետությունների անհամաչափ արձագանքը համավարակին ավելի է սրել անհավասարությունները: Ճգնաժամի պատճառով շուրջ 114 միլիոն մարդ զրկվել է աշխատանքից, իսկ 120 միլիոնը կրկին հայտնվել է աղքատության շեմից այն կողմ: «Ռեկորդային 16 տրիլիոն դոլար է ծախսվել տնտեսության խթանման և վերականգնման վրա, բայց այդ գումարի 20%-ից պակասն է ծախսվել զարգացող երկրներում»,-ասվում է փաստաթղթում:
ՄԱԿ-ի տվյալներով` մինչև 2021 թվականի հունվարը կորոնավիրուսի պատվաստանյութի ներդրումն իրականացվել է 38 երկրում, որից միայն 9-ն են զարգացող երկրներ:
«Աշխարհի ամենաաղքատ երկրներում իրավիճակը խորապես մտահոգիչ է: Դա կարող է հետաձգել կայուն զարգացման նպատակների իրականացումը ևս 10 տարով»,-ասվում է հրապարակման մեջ: Դա կանխելու համար ՄԱԿ-ը շտապ միջոցներ ձեռնարկելու կոչ է արել: