Ադրբեջանի ԱԳՆ-ն յուրովի է «բացատրել» հայկական եկեղեցու ավերումը՝ գրեթե մեղադրելով ԵԱՀԿ-ին
BBC-ի բացահայտող զեկույցից հանկարծակիի եկած Ադրբեջանի արտգործնախարարությունը շտապել է մեկնաբանություններով հանդես գալ՝ անհեթեթագույն եւ միաժամանակ հայկական մշակույթի հուշարձանների նկատմամբ ադրբեջանական վերաբերմունքի էությունը ցուցադրող հայտարարություններ հնչեցնելով Ջրականում հայկական եկեղեցու ավերման կապակցությամբ:
«2021 թվականի մարտի 25-ին BBC News-ը հայտարարություն էր տարածել «Ադրբեջանի Ջաբրայիլ քաղաքում այսպես կոչված «հայկական եկեղեցու անհետացման» մասին: Ադրբեջանը լուրջ է ընդունում նման մեղադրանքները, սակայն վճռականորեն մերժում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Հայաստանի ազգային հանձնաժողովի մեղադրանքները որեւէ «մշակութային հանցագործության» մասին: Ադրբեջանի Հանրապետությունը բազմիցս վերահաստատել է իր հանձառությունը մշակույթի եւ կրոնական բազմազանության պաշտպանությանը, եւ այդ դիրքորոշումն անփոփոխ է մնում:
Այսպես կոչված «անհետացումը» պետք է որոշակի համատեքստում դիտարկել: Մատուռն ապօրինի կառուցվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների գրեթե 30-ամյա բռնազավթման ընթացքում, որոնք 1993-ի գրավումից առաջ բնակեցված էին բացառապես էթնիկ ադրբեջանցիներով»,- ասված է հայտարարության մեջ:
«Երբ 2017-ին Ադրբեջանը դիմեց ԵԱՀԿ, այդ կազմակերպության Մինսկի խմբի համանախագահները համաձայնեցին այցելել Ջաբրայիլի մատուռ: Դրանից հետո Ադրբեջանը լուրջ մտահոգություն հայտնեց գրավյալ ադրբեջանական տարածքներում Հայաստանի կողմից ժողովրդագրական եւ մշակութային բնութագրերի փոփոխության կապակցությամբ: Այդ ուղեւորությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եկան այն եզրակացության, որ մատուռը կառուցվել է հայ զինվորների համար: Այսպիսով, միայն հինգ տարի առաջ հայկական օկուպացիոն ուժերի համար կանգնեցված այդ օբյեկտը չի կարող Ջաբրայիլի մշակույթի պատմության մաս համարվել»,- ասված է հայտարարության մեջ: Փաստացի Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը միջադեպի մեղքը անուղղակիորեն դրել է ԵԱՀԿ-ի վրա: Այս հայտարարությունը լիովին տեղավորվում է ադրբեջանական կողմի՝ հայկական հուշարձանների ալբանացման եւ ոչնչացման միտման մեջ: Այդ նույն տրամաբանությամբ՝ վաղը, օրինակ, Ամարասի կամ Ղազանչեցոցի ավերումը Բաքվում կարող են բացատրել նրանով, որ դրանք «չեն կարող մշակույթի պատմության մաս համարվել»: