«Գազպրոմ»-ը խոստացել է «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտել 2021 թվականին
Գազ արտահանող երկրների հետ համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Վիկտոր Զուբկովը հայտարարել է, որ ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը կավարտվի 2021 թվականին: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Զուբկովի խոսքերով` աշխատանքները կատարված են 90-92%-ով: Նա նաև խոստացել է, որ Ուկրաինայի հետ գազի պայմանագրի վերանայում չի լինի:
«Աշխատանքն ակտիվորեն շարունակվում է, շատ քիչ է մնացել, միանշանակ, այս տարի այն անպայման կավարտվի: Ցավալի է կորցրած ժամանակը, բայց այդպես է ստացվել»,-ասել է Զուբկովը Բեռլինում լրագրողների հետ զրույցում:
Նա հավելել է, որ Ուկրաինայի հետ գազի պայմանագրի վերանայում չի նախատեսվում: Նրա խոսքերով ՝ գլխավորն Ուկրաինայի միջոցով մատակարարելն է պայմանագրով արդեն նախատեսված գազի ծավալները: Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք 2»-ը մտածված է որպես ուկրաինական երթուղու այլընտրանք ռուսական գազի` Եվրոպա տարանցման համար: