«Ոչ ոք երբեք ինձ հետ նման կերպ չի խոսել». Թրամփն ամերիկացի պաշտոնյաներին քննադատել է Չինաստանի հետ բանակցություններում ոչ պատշաճ վարքի համար
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Չինաստանի հետ բանակցություններին մասնակցած ամերիկացի պաշտոնյաներին, քանի որ նրանք, ըստ Թրամփի, չինացիներին թույլ են տվել անթույլատրելի վարք դրսևորել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալություն։
«Ոչ ոք երբեք ինձ հետ նման կերպ չի խոսել և եթե նման բան լիներ, ապա ես կկրկնապատկեի մաքսատուրքերը (խոսքը Թրամփի օրոք սահմանված բարձր մաքսատուրքերի մասին է, որոնք կիրառվում են Չինաստանից ապրանքների ներկրման համար և որոնք Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունների սրման պատճառ են դարձել-Խմբ): Չնայած, կարծում եմ՝ դա, այսպես, թե այնպես, պետք էր անել», – ասել է Թրամփը։
Ըստ նրա, նման բանակցություններից իր վարչակազմի ներկայացուցիչները պարզապես կհեռանային, եթե նմանատիպ վերաբերմունք ստանային չինական կողմից:
Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև բարձր մակարդակի հանդիպումը սկսվել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մասնակցությամբ: Ամերիկյան կողմը սուր քննադատել էր Չինաստանին, ինչին հաջորդել էր Չինաստանի արտաքին գործերի նախարարի բավական կոշտ պատասխանը:
Այս ամենի հետևանքով, երկու կողմերի հայտարարությունները համաձայնեցված չորս րոպեի փոխարեն ձգվել են մոտ մեկ ժամ, որից հետո ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրել է արարողակարգը խախտելու և «հանդիսատեսի համար թատերական փորձեր անելու» համար: Այս հանդիպման առնչությամբ բազմաթիվ լրատվամիջոցներ նշել են, որ չին-ամերիկյան բանակցություններն ավարտվել են սկանդալով: